ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստ, որը վարեց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ի կատարումն ավելի վաղ ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականի՝ նախարարը տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարեց վարչապետի կողմից սահմանված երկամսյա ժամկետում այլ գերատեսչությունների տեսչական մարմինների հետ համատեղ ստուգումներ և հետազոտություններ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև՝ հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև՝ թերությունների հայտնաբերման ուղղությամբ:

2018 թ. համար նախատեսված պլանային ստուգումների հետ համատեղ պետք է իրականացվեն նաև հրդեհային անվտանգության հետազոտություններ, ստուգվող և հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը սահմանվելու է ըստ ռիսկայնության: Ուշադրության կենտրոնում են լինելու բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտներն ու մարդկային մեծ կուտակումներ ունեցող վայրերը: Նախարար Տոնոյանը հանձնարարեց հատուկ ուշադրության կենտրոնում պահել երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը, հետազոտել երեխաների օգտագործման համար նախատեսված խաղալիքների և առարկաների բաղադրությունը կազմող նյութերի դյուրավառության մակարդակը:

Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծեց, որ հրդեհային ռիսկի նվազեցման գործընթացում մեծ դերակատարում ունի նաև տվյալ օբյեկտի գործատուի, աշխատակցի, մասնավորապես՝ անվտանգության աշխատակցի կողմից հրդեհային ռիսկի գիտակցումը և պատրաստվածության մակարդակը: «Անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ճիշտ արձագանքել արտակարգ իրավիճակում և տիրապետեն առաջին օգնության ցուցաբերման հմտություններին», - ասաց նա:

-Մենք պետք է նվազեցնենք հրդեհային և տեխնիկական վտանգի ռիսկերը տնտեսվարողի հետ համատեղ աշխատանքով: Տնտեսվարողը պետք է գիտակցի, որ մեր խնդիրը ոչ թե իրեն տուգանելն է, այլ վտանգի ռիսկերը նվազեցնելը, ուստի հորդորում եմ ձեզ՝ լինել սկզբունքային, տնտեսվարողների հետ համերաշխ, բայց և պահպանել մասնագիտական սառնասրտություն, - անձնակազմին հորդորեց նախարարը՝ նշելով, որ չնայած աշխատակիցների թվի սակավությանը խնդիրը պետք է իրականացնել սահմանված ժամկետներում:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանն էլ նշեց, որ վերջին օրերին տնտեսվարողներից բավականաչափ զանգեր են ստացվել իրենց կազմակերպություններում հրդեհային անվտանգության հետազոտություններ իրականացնելու խնդրանքով:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նաև աշխատանքային զրույց է ունեցել ՀՀ մարզպետերի հետ՝ հորդորելով վերջիններիս օժանդակել ՀՀ ԱԻՆ տեսչության մարզային ստորաբաժանումներին իրենց մարզերում հրդեհային անվտանգ համակարգ ապահովելու և հրդեհային ռիսկի գիտակցության գործընթացում: