ԱԺ Հանրապետական պատգամավոր Արման Սաղաթելյանի կարծիքով՝ այսօր ԱԺ-ի քննարկումից, քաղաքական ուժերի հռետորաբանությունից է կախված մեր վաղվա օրն ու անվտանգությունը:

«Յուրաքանչյուր կառավարման համակարգ ունի իր տրամադրությունը, փիլիոփայությունը, դրանց հակառակ արված ցանկացած քայլ բերում է ծանր հետևանքների: Հարկադրանքը և դրա ցանկացած դրսևորում համակարգային են և կործանարար: 

 

Կառավարման պառլամենտական ձևի պայմաններում կառավարությունը ձևավորվում է պառլամենտական մեծամասնության կողմից և ձևավորում է այն ուժը, որն այդ մեծամասնությունն ունի: Պառլամենտը արձակվում է, եթե այն ի զորու չի լինում ձևավորել կառավարություն: Ի հեճուկս բոլոր չկամեցողների՝ իշխող մեծամասնությունն առավել քան միասնական է: Կառավարության գործունեության համար պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որը կազմավորել է պառլամենտական մեծամասնություն: «Քաղաքական պատասխանատվություն կրողը շարժումն է» ձևակերպումը կեղծ կատեգորիա է»,- ասաց նա՝ խնդրելով չաղավաղել խոսքերը՝ նշելով, որ շարժումը կեղծ չէ, կեղծ է այն քաղաքական սուբյեկտ դիտարկելը:

Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը կողմ են քվեարկում մեկ այլ քաղաքական ուժի թեկնածուին, եթե նրա հետ կազմավորել են քաղաքական կոալիցիա և նրան հավասար ստանձնել քաղաքական պատասխանատվություն: 

«Պառլամենտում ներկայացված երկրորդ ամենափոքր քաղաքական ուժի առաջադրած թեկնածուին երկու քաղաքական ուժեր պատրաստվում են կողմ քվեարկել՝ վերջինիս հետ չունենալով որևէ կոալիցիոն հուշագիր»,- նշեց Սաղաթելյանը: