Այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի քանի հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազին:

Նա հետաքրքրվեց, թե ինչու փակվեց հայտնի «Զիբիլիքսի» գործը. «Ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների հետ կապված «Զիբիլիքսի» գործը կոծկվել է. 7 մեղավորները պատասխանատվություն չեն կրել: Ուղիղ մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների խոշոր փաստեր են ներկայացրել, այդ թվում՝ «զիբիլիքսի» գործը, որի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել: Ցուցակներ են եղել, թե ովքեր են փող ստանում ու ինչքան: Եղել են փաստեր, թե որտեղ պետք է գնալ, փողն ինչպես բաժանել, ձայներ չապահովելու դեպքում գումարը հետ վերադարձնելու ձևաթուղթ: Այս քրեական գործը կարճվել է, ու հիմա բողոքը դատարանում է»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ գործը կոծկվել է և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել:

 

Էդմոն Մարուքյանի հարցին պատասխանելով Արթուր Դավթյանը նշեց, որ «Զիբիլիքիսի» գործով ՀՔԾ-ում նախաքննություն է իրականացվել. «Առնվազն կոռեկտ չէ կոծկել դեպքի մանրամասները, դա ուղիղ մեղադրանք է, պարոն Մարուքյան: Նախաքննական մարմինն իրականացրել է  նախաքննություն, որքանով դրա վերաբերյալ ունեցել է տվյալներ: Մենք ունենք ապացուցման առարկա և սահմաններ: Ձեր ներկայացրած փաստաթղթերի ուղղությամբ իրականացվել է նախաքննություն, այդ ուղղությամբ միջոցառումներ իրականացվել են, բայց քրեաիրավական որակավորում ունեցող որևէ հանգամանք, որևէ մեկի կողմից դրա կազմակերպելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել»,- ասաց Դավթյանը՝ կարևորելով այն  հանգամանքը, որ հաղորդում ներկայացրած անձինք հնարավորություն են ունեցել ծանոթանալ նյութերին, բողոքարկել այն:

Էդմոն Մարուքյանն էլ խորհուրդ տվեց կարդալ իրենց բողոքը՝ պարզելու, թե ինչպես է նախաքննական մարմինը հարցաքննություններ իրականացրել. «Դրանք արվել են ուղղակի ցույց տալու համար, իսկ մեղավորներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու գործողություն չի կատարվել, ինչն ակնհայտ է: Այո՛, ես մեղադրում եմ Ձեզ, ձեր գերատեսչությանը, որ մարդիկ զանգվածաբար փող են բաժանել, ընտրակեղծարարությամբ են զբաղվել ու պատասխանատվության չեն ենթարկվել»,- հայտարարեց Մարուքյանը: