Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր զորակոչվեց բանակ և իր դիմումի համաձայն՝ ծառայության կանցնի ՊԲ զորամասերից մեկում: Սա մտահոգությունների ալիք է բարձրացրել հասարակության մի հատվածի մոտ առ այն, որ  վարչապետի որդու՝ սահմանին ծառայելը կարող է մարտական զորամասի թիրախավորման առիթ հանդիսանալ:  ԼՈւՐԵՐ.com-ը Գերագույն գլխավոր հրամանատարի որդու՝ սահմանին ծառայելու նպատակահարմարության վերաբերյալ զրուցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ: Վերջինս նշեց, որ ողջունելի է վարչապետի կողմից որդուն ամենադժվար զորամաս ծառայության ուղարկելը, և դա օրինակ է  մյուս ծնողներին, որ իրենց զավակներին վստահաբար ուղարկեն սահման՝ ծառայելու:

«Բանակը հիմնվում է մի քանի կարևորագույն սկզբունքների վրա, որոնցից մեկն է՝ «Կատարի՛ր ինչպես ես», իսկ եթե Գերագույն գլխավոր հրամանատարը դիմում է այդ քայլին, ապա սա օրինակ է և անուղղակի բարոյական պարտադրանք մյուս ծնողներին, որ իրենց զավակներին ուղարկեն սահման»,-ասաց Նահապետյանը:

 

Անդրադառնալով այն հարցին, որ հնարավո՞ր է՝ վարչապետի որդու՝ սահմանին ծառայելը թիրախավորի այն հակառակորդի կողմից՝ Նահապետյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի որդու գտնվելու վայրը, զորամասի համարը, կամ թե որ դիրքում է ծառայում՝ չպետք է հրապարակվի:

«Դա գովազդելու բան չէ,-ասաց նա և հավելեց,-զինվորը միայն խրամատում մարտական հերթապահությունը չէ, որ իրականացնում է: Կան ծառայության այլ ոլորտներ, որտեղ ռիսկերն ավելի շատ են, քան սահմանին, կան այլ ռիսկային հաստիքներ: Զորամասի հրամանատարներն են որոշում, թե տվյալ զինծառայողի ծառայության համար առավել արդյունավետ տեղը որտեղ է: Կարծում եմ՝ նրանք, ովքեր զբաղված են պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անվտանգության ապահովմամբ՝ իրենց գործառույթների տիրույթում հասկանում են, թե ինչ վտանգներ կարող է սպառնալ, և ըստ դրա՝ ճիշտ որոշումներ կկայացնեն՝ եթե անգամ սահմանում ծառայելու անհրաժեշտություն կամ ցանկություն լինի»:

Զորամասի ներսում հրամանատարության կողմից հնարավոր կաշկանդվածության վերաբերյալ փորձագետը նշեց, որ դա չի կարող լինել, քանի որ յուրաքանչյուր զորամասի հրամանատար, յուրաքանչյուր զինծառայող, սպա՝ իրականցնում է իր ծառայությունները՝ համապատասխան կանոնագրքի:

 

«Հրամանատարի համար կարևոր չէ՝ ծնողն ով է, կարևորը՝ զինվորն իր պարտականություններն իրականացնի: Բանակը հիմնվում է 2 սյան վրա՝ լավ ծառայության համար խրախուսում, վատ ծառայության համար՝ պատիժ: Մենք գիտենք, որ մեր իրականության մեջ կա կողմանակալություն, որը շատ ավելի նվազ չափով տեղափոխվել է բանակ, սակայն նոր իշխանության քաղաքականությունն է՝ վերացնել կողմնակալությունը»,-ասաց Նահապետյանը: