Քաղաքական փոփոխություններից հետո բախվում ենք իրավիճակի, երբ քաղաքացիները բողոքում են, որ տան համար ինչ-որ բան են բերում, բայց մաքսային մարմինները թույլ չեն տալիս անցկացնել, և պահանջում են մաքսազերծում իրակացնել։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա Կառավարության նիստի ժամանակ։

«Նախկինում եղել է և այժմ էլ հնարավոր է՝ տեղ-տեղ պահպանված լինի այն արատավոր պրակտիկան, որ ավել սահմանաչափերն անցկացնելու համար որոշակի կոռուպցիոն գործարքներ են տեղի ունենում: Քանի որ այստեղ կա երկու խնդիր։ Հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները՝ մենք սիրում ենք այստեղ-այնտեղ գնալիս նվերներ բերել մեր մորաքույրների, հորաքույրների, քեռիների, հարևանների համար: Այդ պատճառով չափաքանակներն էականորեն ավելացել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց՝ առանձին ապրանքատեսակների հետ կապված ցուցանիշներ շտկման կարիք ունեն «որքան էլ հարևաններ ու բարեկամներ ունենանք,1 կգ ծամոնը դժվար է պատկերացնել և դրա փոխարեն բենզինն ընդամենը 10 լիտր է»,-ասաց Միրզոյանը:

Վարչապետը կատակով նշեց՝ «Էս էն ծամոններից ա, որ լցնում ես բենզինի մեջ, բենզինը շատանում է», որին ՊԵԿ նախագահն ավելացրեց. «Հաստատ սարի ծամոնը չի»:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը շարունակելով թեման հարցրեց՝ քանի՞ անգամ կարող է անձը բերել ծամոն և հավելեց, որ օրական 5 կգ, շաբաթական 35 կգ ծամոն բերելու դեպքում ամբողջ ազգը կսկսի ծամել»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն պատասխանեց, որ չափաքանակները վերաբերում են 1 անգամ սահմանահատմանը: