Ինչպես արդեն մի հոդվածում անդրադարձ էինք կատարել, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը նոր իրավիճակ է ստեղծում Հայաստանի ներքաղաքական կյանքում: Այսօր նախատեսվում էր Քոչարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, երկրորդ նախագահը պատրասվում էր քաղաքական հայտարարություններ հնչեցնել: Սակայն ասուլիսը տապալվեց, քանի որ ակտիվիստներ արգելափակել էին այն բիզնես կենտրոնը, որտեղ նախատեսվում էր Քոչարյանի ասուլիսը: Ի վերջո, եթե Քոչարյանը ասելիք ունի, ապա կարող է այն հնչեցնել նաև այլ միջոցներով՝ դրանց պակասը չի զգացվում: Առավել հետաքրքիր է այն, թե որոնք են լինելու Քոչարյանի հաջորդ քայլերը, վերադառնալու է նա քաղաքականություն, թե՝ ոչ և եթե վերադառնալու է, ապա ո՞ր ուժն է լինելու նրա քաղաքական հենարանը:
 
Քոչարյանի կալանքի տակ գտնվելու ընթացքում, թե ՀՀԿ-ն, թե ՀՅԴ–ն իրենց «ծառայությունները» առաջարկեցին Քոչարյանին, սակայն հարց է՝ 0 վարկանիշ ունեցող Հանրապետական կուսակցությունը չի՞ դառնա ավելորդ բալաստ երկրորդ նախագահի համար, և որքանով՝ վարկաբեկված և քաղաքական կյանքի լուսանցքում հայտված կուսակցությունը կարող է Քոչարյանի համար հանդիսանալ հենարան: ՀՅԴ դեպքում իրավիճակը գրեթե նույնն է, այն միակ տարբերությամբ, որ ՀՅԴ-ին հաջողվեց ժամանակին ապահարզան տալ ՀՀԿ-ին և «դեմ ըլլալով կողմ ըլլալ» ներկա իշխանություններին:
 
Ստեղծված իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը մանևրելու ավելի մեծ հնարավորություններ կունենա առանց ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի: Իսկ քաղաքականություն վերադառնալը Քոչարյանի համար այլևս պարտադրված քայլ է՝ դա լինելու է նրա պաշտպանության գլխավոր մեթոդաբանությունը: Չի բացառվում տարբերակը, որ Քոչարյանը ակտիվ քաղաքականություն կվերդառնա իր սեփական թիմով, հատկապես, որ երկրորդ նախագահը տիրապետում է դրա համար անհրաժեշտ ռեսուրսային բազայի. Եվ այդ բազան նա կարող է օգտագործել գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, համենայնդեպս՝ քաղաքականություն վերադարձը ենթադրում է նաև մասնակցությունը ընտրական գործընթացներին: Գալիք ընտրությունների կարևորագույն ինտրիգներից մեկն էլ այն է, թե ինչ ձևաչափով Քոչարյանը կմասնակցի դրանց և կմասնակցի արդյո՞ք, թե՝ ոչ: 
 
 
 Ստելլա Խաչատրյան