Արարատի մարզի Մասիս քաղաքի բժշկական կենտրոնում գործում է շտապօգնության մեկ մեքենա, որը սովետական «ՈՒԱԶ» է և դեռևս այդ տարիներից սպասարկում է ոչ միայն Մասիսի շրջանը, այլ նաև հարակից 27 գյուղերը՝ չունենալով բժշկական որևէ սարքավորում: Ավելի ստույգ՝ բժշկական կենտրոնն ունի 2 մեքենա, սակայն մեկը տևական ժամանակ է՝ անսարք է, իսկ չնորոգելու պատճառաբանությունն արդեն կա՝ «նոր մեքենաներ են բերվելու էլի, ըմբռնումով է պետք մոտենալ»:

Մինչ համապատասխան գերատեսչություններն ըմբռնումով մոտենալու խրատներ են տալիս, մեր խմբագրությունում անընդհատ ահազանգեր ենք ստանում թե՛ Մասիս քաղաքից, և թե՛ հարակից շրջանի համայնքներից: Բնակիչները բողոքում են շտապօգնության մեքենաների բացակայության, ուշացման, ինչպես նաև անհրաժեշտ սարքեր չունենալու համար: Բնակիչները նշում են նաև, որ մեքենայի ուշացման հետևանքով հիվանդները ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվում։ «Քանի տարի է՝ այս վիճակն է, ինչքա՞ն պիտի մարդ վատանա, մահվան շեմին կանգնի էս մեքենայի պատճառով»,-ասաց Մասիսի բնակչուհի Կարինեն։

Մասիսի հիվանդանոցի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում չկարողացավ ճշգրիտ նշել, թե իր ենթակայության տակ գտնվող բուժհաստատության շտապօգնության մեքենան, բացի Մասիսից, քանի համայնքի է սպասարկում: Իսկ այն հարցին, թե ինչու է մյուս մեքենան անսարք այն դեպքում, երբ սովետական «ՈՒԱԶ»-ը չի հասցնում սպասարկել, պատասխանեց. «Դե մի քիչ հետո նոր մեքենաներ ենք ստանալու, ես մեքենայի մասնագետ չեմ ու չեմ կարող ասել, թե ինչու է անսարք, ինձանից առաջ էլ է անսարք եղել, փորձել եմ նորոգել, բայց միջոցները չեն հերիքել»:

Հիվանդանոցի տնօրենը փոխանցեց, որ այդ խնդրի մասին նույնիսկ չի տեղեկացրել մարզպետարան, պատճառաբանելով, թե նոր է այդ պաշտոնին: Այն դիտարկմանը, թե պարբերաբար մարդիկ են վատանում տարբեր համայնքներում, իսկ մեկ մեքենան չի հասցնում սպասարկել, տնօրենը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ զբաղված էր:

Արարատի մարզպետի խորհրդական Արմեն Բաղիրյանն էլ մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ վիճակն իրոք նախանձելի չէ. «Մի կերպ յոլա են գնում բնակիչները, մինչև շտապօգնության նոր մեքենաները կհասնեն, ու արդեն ամեն ինչ լավ կլինի: Դե, նորմալ ա, կարծում եմ, մեկը մեկին օգնելով՝ հասցնում են, ըմբռնումով է պետք մոտենալ»,-ասաց մարզպետի խորհրդականը և հավելեց, որ մարզում տվյալ խնդիրը տարածված է, իսկ թե ինչու քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ՝ «ոչ ոք չգիտի»:

Նշենք, որ Արարատի մարզի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն պետ Սուսաննա Կտրակյանի հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել։

Հավելենք՝ նույն վիճակում է նաև Արտաշատի բժշկական կենտրոնը՝ գործում է մեկ մեքենա՝ սպասարկում շուրջ 30 համայնքի: Այստեղ էլ մյուս մեքենաներն անսարք են: Մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ որևէ լուրջ քայլեր չեն ձեռնարկվում դրանք վերանորոգելու ուղղությամբ:

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ հոկտեմբերի 5-ին Չինաստանից բերված շտապօգնության մեքենաները հանդիսավոր արարողությամբ կբաշխվեն մարզերին և մայրաքաղաքին: Իսկ ինչ վերաբերում է փաստին, որ շուրջ 30 համայնք սպասարկվում է 1 մեքենայով, Եղիազարյանը նշեց, որ այդ խնդիրներով զբաղվում են մարզպետարանները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Չինաստանից Հայաստան հասավ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը, որը նվիրատվություն էր մեր գործընկեր պետության կողմից, իսկ մնացած խմբաքանակները Հայաստան կհասնեն մոտ ապագայում։

Արմինե Միքայելյան