Hraparak.am կայքը գրում է.
«Քիչ առաջ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հայտարարությամբ, թե․ «Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին: Նա մոտեցել է մեր լրագրողին, մեղադրել «սրբապղծության մեջ», ինչից հետո հարվածել է լրագրող Դավիթ Լևոնյանին։ Նշենք, որ լրագրողը օրերս իր անձնական յութուբյան ալիքի եթերով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու մեջ»։
Մենք փորձեցինք այս միջադեպի վերաբերյալ մանրամասներ իմանալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանից, ով ասաց, որ ինչ-որ միջադեպ եղել է, բայց ինքն էլ է փորձում պարզել, թե ինչ։
ՀԳ․ Մեր տեղեկություններով՝ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ միջանցքում հանդիպել է Civic.am-ի լրագրողին, մոտեցել է նրան եւ ասել, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, և ինքը անընդունելի է համարում Բագրատ Արքեպիսկոպոսի դեմ տարվող արշավը, ասել է․«Ես հայ քրիստոնյա եմ եւ թույլ չեմ տա Բագրատ Արքեպիսկոպոսի հանդեպ նման վերաբերմունք»։ Լրագրողն էլ լկտի պատասխան է տվել։ Ականատասներն ասում են, որ հրմշտոց է սկսվել, ԱԺ անվտանգության աշխատակիցները միջամտել են, դրանով միջադեպն ավարտվել է։