«Դռնից սկսած՝ բոլոր կետերից իրենց գումարն են պահանջում ու ոնց-որ էս հեղափոխությունը ոչ մեկի վրա չի ազդել, 20 տարի առաջ ինչ որ ունեինք՝ մինչև հիմա ոչինչ չի փոխվել»,- այս մասին հայտարարեցին այսօր վաղ առավոտից  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան «Նորագավիթ» մասնաճյուղի դիմաց բողոքի ակցիա իրականացնող վարորդները: 

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ «մաղարիչ» ասվածը դեռ չի վերացել, իսկ մաքսազերծման պրոցեսը խոստացված 20 րոպեի փոխարեն տևում մինչև 2 օր:

 

Հավաքվածները պահանջում են էլեկտրամենքենաների համար բնապահպանական վճարի վերացում, պաշտոնյաների փոխարինում ավելի բարեխիղճներով, մաքսազերծման գների ու գործընթացի բարեփոխում, ավելորդ թղթաբանության վերացում, ինչպես նաեւ հերթերի կարգավորում։

Այնուհետև, մաքսայինի պետի տեղակալ Արմեն Սաֆարյանը ակցիայի մասնակիցներին  հայտնեց, որ դժգոհությունները հաշվի են առնվել. մաքսազերծման գործընթացի կարգավորման համար քայլեր են ձեռնարկվում։ «Մենք ունենք կողմնորոշիչ գներ։ Կան պետություններ, որտեղից ներկրվող մեքենաների նկատմամբ invoice-ները հիմք չի ընդունվում, կիրառվում են մեր հսկիչ, կողմնորոշիչ գները, օրինակ՝ Վրաստանից, ԱՄԷ–ից, իսկ, օրինակ, Ճապոնիայից եթե մեքենան ձեռք է բերվել աճուրդից, invoice–ի գները հաշվի են առնվում»,-վերջում հավելեց Սաֆարյանը: