«Հրապարակ» թերթը գրում է.

Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի չէ կալանքի հետ․ «Բոլոր մարդիկ էլ ինչ-որ մի հիվանդությամբ տառապում են»։ Գրիգորյանին բուժող բժիշկ, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ թոքաբան Արտակ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հիվանդություն ունի նա։

«Նա 2013 թվից աջ թոքի քաղցկեղ ունի, ստացել է նախավիրահատական քիմիաթերապիա, վիրահատվել է, ստացել հետվիրահատական քիմիաթերապիա, տարբեր ճառագայթումներ։ Ունի ստոմատիկ բազմաթիվ հիվանդություններ՝ ողնաշարի գրիժա՝ խիստ ցավագին ախտանիշներով, շաքարային դիաբետ, որից ախտահարվել են երիկամները։ Հիվանդությունն ազդել է աչքերի վրա՝ տեսողությունը շատ վատ է, ստորին եւ վերին վերջույթների անշարժացում-կապտացում է ընթանում, որը խորանում է, ինչը կարող է հանգեցնել վերջույթների անդամահատման։

Տառապում է բրոնխիալ ասթմայով։ Այս բոլորն ամրագրված է փաստաթղթերով։ Վերջին անգամ նա հետազոտություն է անցել Հանրապետական հիվանդանոցում, ուր արձանագրվել է՝ ավշային հանգույցների մեծացում, ինչը հնարավոր ուռուցքի աճի սինդրոմ է, բայց քանի որ Հայաստանում ՊԷԴ-սկան չկա, պետք է դրսում վերջնական ախտորոշվի։ Փարիզից Հայաստան եկած բժիշկը եւս հաստատեց այս ամենը՝ պնդելով, որ չի կարելի նման հիվանդին կալանքի պայմաններում պահել»։

ՀՔԾ-ն հակառակն է պնդում։ «Անհասկանալի է, եթե անկեղծ՝ չեմ կարող ոչ մի կերպ բացատրել այդ ամենը։ Հետո էլ՝ բոլոր առողջներին բաց թողեցին, իրեն՝ ոչ»։ Դուք՝ որպես բուժող բժիշկ, պարբերաբար այցելում եք, Մանվելն ի՞նչ է ասում։ «Իմ բժշկական այցերը տեղի են ունենում ՔԿՀ բժշկի, բուժքրոջ, անվտանգության աշխատակցի ներկայությամբ։ Մենք բացի առողջական խնդիրներից, իրավունք չունենք այլ բաներից խոսելու, հենց մի բառ ենք փոխանակում, ասում են՝ սա տեսակցություն չէ։