Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում պետական միջոցներից տրամադրված 71 միլիոն դրամի հաշվին հիմնանորոգվում է կենտրոնական ճանապարհը՝ 1,3 կիլոմետր երկարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Գասպարյանը, ճանապարհի նորոգումը կենսական կարեւոր նշանակություն ունի գյուղի բնակչության համար, առավել եւս, որ, բացի տնտեսությունների մեծ մասը, այդ հատվածում է գտնվում նաեւ միջնակարգ դպրոցը:«Աշխատանքները մեկնարկել են 10 օր առաջ: Ավարտին են մոտենում հողային աշխատանքները, իսկ ասֆալտբետոնյա ծածկը, 7800 քառակուսի մետր մակերեսով, կտեղադրվի առաջիկա օրերի ընթացքում: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն: Համայնքի բնակիչների համար սա անգնահատելի նվեր է կառավարության կողմից, քանի որ ճանապարհի հիմնանորոգմանը նրանք սպասել են տասնամյակներ շարունակ: 1980-ական թվականներից ի վեր այն չէր նորոգվել ու դարձել էր դժվարանցանելի, անհրապույր: Հուսամ, որ մեկ ամսից արդեն ունենալու ենք միանգամայն նորոգ ու բարձրորակ սպասարկում ապահովող ճանապարհ»,-նշեց համայնքի ղեկավարը: