Հաշվի առնելով օպտիմալացումը, որը անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում ու որը չի կարող չհանգեցնել վարչակազմի աշխատակիցների թվի կրճատման, 2019 թվականի մայրաքաղաքի բյուջեն մի շարք կետերով հարցեր է առաջացնում։ Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե ինչպե՞ս է ստացվում, որ 2019 թվականին քաղաքապետարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման համար տրամադրվել է 18,4 անգամ ավելի շատ գումար, քան 2018 թվականին։ Տրամաբանական հարց է առաջանում, ինչո՞վ է պայմանավորված ֆինանսավորման շեշտակի աճը։ Գուցե պատճառն այն է, որ քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք մեծամասամբ նոր թիմից են, մասնագիտական պատրաստվածության մեջ կաղում են, հետևաբար, նրանց վերապատրաստումը օրակարգային է քաղաքապետարանի համար։ Այդ ժամանակ, երևի, ավելի էժան կլինի ցրել այն՝ մասնագիտական առումով անհամապատասխան լինելու պատճառով ու նոր, պատրաստված անձնակազմ հավաքել:
 
Մյուս կետով՝ պարգևների, դրամային խրախուսանքների ու հատուկ վճարումների բյուջեն ավելացել է այս տարվա 758,5 միլիոնից մինչև 1 միլիարդ 991,4 միլիոն դրամ։ Ծախսերի այդ հոդվածն ավելացել է 1 միլիարդ 232,9 միլիոն դրամով, այսինքն` 1.6 անգամ։ Նշենք, որ ծախսերն ավելանում են, մինչդեռ՝ ավելի տրամաբանական կլիներ ծախսերի նվազումը՝ հաշվի առնելով, որ աշխատակազմը կրճատվում է: Մյուս կարեւոր նորությունը՝ քաղաքապետարանը նախատեսել է հաջորդ տարում թափառող կենդանիների վնասազերծման համար ծախսել 50 մլն դրամ, ինչը 64.6 մլն դրամով այս տարվա ցուցանիշից պակաս է: Չնայած սրան` թափառող կենդանիների վնասազերծման համար գումարը կա, բայց վնասազերծող ընկերությունը` ոչ: Թե ինչպիսի լուծում կգտնի այս հարցին քաղաքապետարանը՝ դեռ կտեսնենք:
 
Ինչ վերաբերում է արտասահմանյան գործուղումների ծախսերին` 2018 թվականի համեմատ 62,7 միլիոնից այն ավելացել է մինչև 112,7 միլիոն դրամ։ Դժվար է ասել՝ ուր են պատրաստվում այցելել քաղաքապետարանի պաշտոնյաները և լուրջ կասկածի տակ է այդ այցելությունների արդյունավետությունը: Ի վերջո, քաղաքապետարանում աշխատանքը չի ենթադրում տուրեր աշխարհով մեկ, սակայն գուցե քաղաքապետին անչափ դուր է եկել Փարիզը և նա որոշել է այդ քաղաքի հրաշալիքները հասանելի դարձնել նաև իր թիմակիցների համար: Նշենք նաև այլ թվեր: Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ից նվազել է մինչև 13 մլրդ 275 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով: Վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 մլն-ից նվազել է մինչև 30.7 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով:
 
Նոր, հեղափոխական թիմից և քաղաքապետից սպասելիքները իրապես այլ էին: Բյուջեն, որը մայրաքաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է, իր այս տեսքով չի արտացոլում այն հեղափոխական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում և, մասնավորապես, մայրաքաղաքում: Շուրջ 80 տոկոսի հասնող վստահության քվեն կարծես թե ընկալվել է իբրև նախկինների ավանդույթները դուխով շարունակելու դաբրո…