«Ժողովուրդ» թերթը գրում է․

«2017թ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու` «Զիբիլիքսի» անունը ստացած հայտնի քրեական գործով մեղադրյալները՝ ՀՀԿ Արաբկիրի կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանն ու եւս 8 հոգի, պատժվեցին 2,5-ական միլիոն դրամ տուգանքով: Միայն թե նկատենք` այս գործը նախկին իշխանությունների օրոք կոծկվել էր եւ վերաբացվեց թավշյա հեղափոխությունից հետո: Բայց արի ու տես, որ հիմա էլ պետության դեմ հանցանք կատարելու՝ ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվողները բավական մեղմ պատժի արժանացան: Քանի որ մեղադրող կողմը պահանջում էր 3 տարվա ազատազրկման դատապարտել նրանց, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյոք կբողոքարկեն դատավճիռը` պահանջելով կալանավորել նրանց: Սակայն երեկվա դրությամբ դեռ որոշում չէին կայացրել, դատավճիռը ստանալուց եւ ծանոթանալուց հետո կորոշեն: Նկատենք, որ ՀՔԾ-ում էլ այս գործի անջատված մասով քննություն է ընթանում պարզելու կազմակերպիչներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում