ԲՈւՀ-ում հայտնաբերված խախտումների վերաբերյալ ոստիկանության հայտարարությունն անակնկալ չէր, բայց բացարձակ շինծու է։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալասարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը,անդրադառնալով ԵՊՀ-ում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների իրականացրած համապատասխան ստուգումներին:

«Ես ոչ մի մեղադրանքի հետ համաձայն չեմ և առանձնակի մերժում եմ կաշառքի մեղադրանքը, որն ըստ իս` հիմարություն և անհեթեթություն է։ Ես քիչ հետո պատրաստվում եմ հայտարարություն ներկայացնել, ամեն բան կտեսնեք այնտեղ»,- նշեց նա։ 

Հարցին՝ դա չի՞ վկայում այն մասին, որ գուցե թերացել է իր գործում կամ գուցե շատ է վստահել գործընկերներին, Սիմոնյանը պատասխանեց․ «Դրանք բոլորը հիմարություններ են, մի քիչ համբերեք` հայտարարություն կտամ և այդ բոլորի մասին պարզաբանումներ կտամ»,- ասաց ռեկտորը։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԵՊՀ-ի ուսումնասիրությունների նյութերում հայտնաբերվել են մայր բուհում կատարված մի շարք չարաշահումներ: 

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով: 

Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Սոնա Հարությունյան