Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությանը մասնակցելու համար դատարան կհրավիրվի գործարար Սիլվա Համբարձումյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, փետրվարի 27–ին որոշում կայացրեց դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ Համբարձումյանին կրկին ծանուցելու մասին։

«Ինձ դատարան չէին հրավիրել, որի պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 12-ը։ Իրենց ասելով՝ ուղարկել են ծանուցում, բայց ես չեմ ստացել, դրա համար արդեն նոր ծանուցում կուղարկեն մարտի 12-ի դատական նիստի համար։ Ինչ ասել եմ՝ միշտ նույնը կրկնելու եմ, ըստ էության՝ նոր ասելիք չունեմ»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը։

Ըստ Հարությունյանի փաստաբանների՝ Հարությունյանի և գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ։ Պաշտպանները դատարանից խնդրում են պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել քրեական գործը վերաբացելու մասին որոշումը։

Հունվարի 18–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ–ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: