Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խոսել է մարզի՝ 2019 թվականի ծրագրերի, խնդիրների, առաջիկա աշխատանքների մասին: Սակայն, եթե պլանների և ծրագրերի մասին մարզպետը դեռ խոսում է, ապա նրա գործնական քայլերն արդեն իսկ տեսանելի են, սակայն ոչ այն ոլորտում, որը նրան վստահված է ղեկավարել: Բանն այն է, որ մարզպետը կարծես համատեղության կարգով նաև մարզի դատախազի լիազորություններն է ստանձնել: Նա որպես մեծագույն ձեռքբերում՝ ներկայացնում է 6 նախկին համայնքապետերի նկատմամբ քրեական գործերի հարուցումը:

Քրեական գործի հարուցումը դեռևս չի նշանակում, որ համայնքապետերի մեղավորությունը ապացուցված է, քանի որ կա իշխանությունների կողմից վերջին շրջանում այդքան շատ հոլովվող անմեղության կանխավարկածը: Շաբաթներ կամ ամիսներ անց քրեական գործերը կարող են քանդվել, և հետաքրքիր է՝ այդ դեպքում իր ո՞ր արածն է մարզպետը որպես ձեռքբերում ներկայացնելու: 2018-ին նշանակվելիս Պետրոսյանը հայտարարում էր, որ իր խնդիրն է՝ մարզի միջին վիճակագրական բնակչին քաղաքացի դարձնելը: Թերևս այդ խնդրի լուծման հարցում Պետրոսյանը գտել է, որ քաղաքացի դառնալու ամենակարճ ճանապարհը բանտում վերադաստիարակվելն է: Դա է պատճառը, որ Պետրոսյանն իր բուն պարտականությունները թողած՝ զբաղված է աջ ու ձախ բոլորին դատի տալով: Ի վերջո, մարզում կան իրավապահ մարմիններ, որոնք կարող են և պարտավոր են պատշաճ կերպով իրականացնել իրենց աշխատանքը: Գուցե նրա՞նք են թերանում, որ մարզպետը վերջին շրջանում ստանձնել է նաև մարզի դատախազի պաշտոնը...