ՀՀ Առողջապահության նախարարության Սանավիացիոն ծառայության մասին արդեն այնքան եմ խոսել, որ թվում էր` էլ վերջ, էլ ի՞նչ անակնկալ կարող է լինել։

 Բայց արի ու տես, որ հակապետական որջ դարձած այդ կառույցը ձանձրանալու առիթ չի տալիս։

Ուրիշի արած գործը սեփականի տակ ներկայացնելու նուրբ արվեստը մանրակրկիտ ուսումնասիրած խմբակը PR-վելու առիթը բաց չի թողնում։ Սակայն լռում է, երբ իրոք անհանգստանալու առիթ կա։

 Եվ այսպես, հիշեցնեմ։

 Սանավիացիոն ծառայության համար ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ուղղաթիռը ձեռք է բերել ոչ թե ՀՀ ԱՆ-ն (ինչպես ներկայացվել է), այլ «Արմենիան Հելիքոփթերս» ընկերությունը։ Ուղղաթիռի կանչերի ընդունմամբ և բժշկական սպասարկմամբ զբաղվում է ոչ թե ՀՀ ԱՆ-ն, այլ «Էրեբունի» ԲԿ-ն։

«Թորոսյան» ազգանվան տակ հանդես եկող անձը այս ամբողջ գործընթացում ընդամենը երկու դեր է կատարում։ Առաջինն այն է, որ նա մեր պետական միջոցներից վճարում է 144 միլիոն դրամ վերոնշյալ երկու կառույցների բիզնես պլանի իրագործման համար։ Երկրորդը` Ջեյմս Բոնդի դերն է, որի համար հավակնում է Օսկար մրցանակի … բայց չի ստանալու։

Բայց ամենասարսափելին Բոնդի մրցանակ չստանալը չէ։

Ամենասարսափելին այն է, որ վերոնշյալ ուղղաթիռը չունի սանավիացիոն ծառայության ուղղաթիռի համար անհրաժեշտ բժշկա-տեխնիկական հագեցվածություն, ուղղաթիռի ներսում շարժվելու տեղ չկա, ուր մնաց թե վերակենդանացման միջոցառումների հնարավորություն լինի. սրտի մերսման, շնչառական խողովակի տեղադրման և այլ բժշկական գործողությունների։ Այս անհեռատես մոտեցման պատճառով է, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, մեկ ամսյա իր գործունեության ընթացքում սանավիացիոն ծառայությունն արդեն երկու մահ է տվել։

Ստացվում է, որ հերթական անգամ Ջեյմս Բոնդի շնորհիվ հարվածի տակ են ընկնում և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ բուժաշխատողները։ Ի վերջո պարսավանքի ու դժգոհությունների բոլոր սլաքները հավիտյանս հավիտենից ուղղվում են բուժաշխատողների ուղղությամբ, իսկ փառքի պսակը փորձում է իր գլխին դնել չստացված օսկարակիրը։

Թե որքան է շարունակվելու առողջապահական համակարգի քայքայման, Հայաստանի քաղաքացիների առողջությանն ու կյանքին վտանգ սպառնացող դերասանական այս թիմի գործունեությունը, հավանաբար միայն պատվիրատուները գիտեն։

 Սակայն, մի բան հստակ է, գիտակից ոչ մի քաղաքացի չպետք է հանդուրժի այս ծաղրը ու հանցավոր գործունեությունը։

Հայտարարված պատերազմը կոռուպցիայի, թալանի, առողջապահական համակարգի հիմնահատակ քանդման ծրագրի և չստացված գործակալների դեմ շարունակվում է։

Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյան