Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի ասուլիսից հետո պարզ է դարձել, որ երևանցիների համար վերելակների սպասարկման վճարը՝ ամսական 1600 դրամը, կավելանա 20-30 տոկոսով, որպեսզի քաղաքապետարանը նոր վերելակների ֆոնդի գումարի մի մասը ի վերջո հավաքագրի: Ի դեպ, պարզվում է նաև, որ քաղաքապետարանը պատահականության սկզբունքով ուսումնասիրել է 200 վերելակ՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում են: Պարզվել է՝ դրանք 15 տարի առաջ պետք է փոխվեին: 1600 վերելակից 31 վերելակ չպետք է ընդհանրապես շահագործվի՝ ըստ ԱԻՆ-ի եզրակացության:
 
Ընդ որում, որևէ տրամաբանություն չկա, թե ինչու է մի շենքում ծառայությունն արժենում 1000 դրամ, մեկ այլ շենքում՝ 4000: Այսինքն` թանկանալու դեպքում միջին վիճակագրական երևանյան ընտանիքը վերելակի համար ամսվա կտրվածքով կվճարի 2000-5000 դրամ: Սակայն ուշագրավն այստեղ այն է, որ Երևան քաղաքի բյուջեն հաստատելիս նույն Մարությանը կրճատել էր վերելակների վերանորոգմանն ուղղված ֆինանսավորումը: Հարց է առաջանում՝ եթե քաղաքային իշխանությունները տեղյակ էին, որ գումարները չեն հերիքելու՝ ինչո՞ւ էին կրճատում և ո՞ւր են ուղղվել խնայված գումարները: Իրականում, փոխքաղաքապետի հայտարարություններից բխում է նաև այն, որ տրանսպորտային ցանցի բարեփոխումները ևս կվճարվեն Երևանի բնակիչների միջոցների հաշվին: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հայկ Մարությանը իր նախընտրական քարոզարշավի ընթացում չէր ասում, որ բարեփոխումները լինելու են Երևանի բնակիչների «հաշվին»։
 
Տեղական տուրքերի դրույքաչափերը, կան խոսակցություններ, որ թանկանալու են նաև համատիրությունների վճարները, այն նույն համատիրությունների, որոնց աշխատանքի էությունն ու իմաստը անգամ համատիրության պետերը չեն հասկանում, իսկ կառույցը շուտվանից վերածվել է երևանցիներից փող պոկելու գործիքի: Ինչպես երևում է՝ Մարությանի և իր թիմի իշխանության գալուց հետո երևանցիների սոցիալական բեռը միայն ծանրացել է և այդ միտումը դեռ շարունակվում է...