«Եվրոպական գրեթե բոլոր զարգացած երկրները` Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Նոր Զելանդիան, իրենց պատվաստանյութերի ցանկում ներառել և կիրառում են պապիլոմա վիրուսի դեմ պայքարող «Գարդասիլ» պատվաստանյութը։ Հայաստանը փորձում է առաջընթացի տրված հնարավորություններից օգտվել»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մանկաբարձ - գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանը։

Գինեկոլոգը նշեց՝ արդեն ապացուցված է, որ արգանդի վզիկի քաղցկեղը առաջանում է պապիլոմա վիրուսից, հետևաբար մեր խնդիրն է, որպեսզի մեր ազգաբնակչությունը ստանա «Գարդասիլ» պատվաստանյութը։ Հարցին, թե ինչո՞ւ «Գարդասիլ 4» պատվաստանյութը գրանցված չէ Հայաստանում, պատասխանեց․ «Շատ հաճախ, երբ «Գավին»՝ աշխարհում ճանաչված հիմնադրամը, շատ հավաստի աղբյուրից գնում է այդ պատվաստանյութը և հետո այն տեղափոխում, հնարավոր է, որ իսկապես Հայաստանում գրանցված չլինի, բայց դա չի նշանակում, որ իրավունք չկա այն Հայաստանում կիրառելու»,- ասաց Գայանե Ավագյանը։

Դիտարկմանը, թե արդյոք օրենքի խախտում չէ՞ չգրանցված պատվաստանյութը կիրառելը, Գայանե Ավագյանն արձագանքեց․ «Դա օրենքի խախտում չէ այն իմաստով, որ կան պայմանագրեր նախարարության և «Գավիի» միջև իսկ այդ պատվաստանյութը բերում է Յունիսեֆը։ Նկատելով, թե ինչ կառույցներ են պատասխանատու, հասկանում ենք, որ գրանցված չլինելը որևէ խնդիր չի հարուցում։ Դա ապօրինի դեղ չէ»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք «Գարդասիլի» դեմ եղած հակափաստարկները՝ հատկապես գրանտի արդյունքում ձեռք բերված լինելը, հանրությանը չե՞ն խանգարում կողմնորոշվել դրա օգտակարության կամ վնասակարության հարցում, Գայանե Ավագյանը պատասխանեց․ «Գրանտի և այլնի հետ ես ընդհանրապես կապ չունեմ։ Ես 40 տարվա մանկաբարձ- գինեկոլոգ եմ, միջազգային փորձագետ եմ, հետևաբար՝ ասում եմ այն, ինչ գիտեմ։ Ես ասում եմ, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը կյանքեր կփրկի»,- ասաց Գայանե Ավագյանը։

Հարցին, թե նա պատրա՞ստ է իր երեխաներին կամ թոռներին պատվաստել «Գարդասիլով», ասաց․ «Այո՛, իմ տարիքը չի ներում, թե չէ՝ ես էլ կպատվաստվեի»։