Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այն տպավորությունն է ստացել Սերժ Սարգսյանի ասուլիսից, որ նա ցուցում է տալիս ձևավորել այն մթնոլորտը, որը մարդկանց անհուսության չի մատնի: Սերժ Սարգսյանը ցուցում է տալիս խոսել լավի մասին, բայց չխոսեց այն լավ, ռեալ փոփոխություններից, որոնք պետք է լուսաբանվեին ԶԼՄ-ներում:
Սերժ Սարգսյանի ասուլիսը կարդալուց հետո, ըստ Հրանուշ Խառատյանի, գաղջ մթնոլորտը խորացավ: Նա նշեց ասուլիսում Սերժ Սարգսյանի մի քանի մտքեր, որոնք տարակուսելու առիթ են տալիս: Հրանուշ Խառատյանը ընթերցեց ասուլիսի այն հատվածը, որտեղ Սերժ Սարգսյանն ասում է, թե ինչ տարբերություն՝ սոցապ նախարարն ով է, երբ ժամանակին ստանում են թոշակները: Ըստ Հրանուշ Խառատյանի, սոցապ նախարարը պետք է լինի ոչ թե թոշակ բաժանող, այլ նա պետք է ստուգի, թե ինչպես են գործատուները շահագործում, կամ հակառակը, չեն շահագործում, աշխատողների աշխատանքային պայմանները, պետք է ստուգի աշխատաշուկայի հետ կապը, փորձի ազնվորեն խոսել սպառողական զամբյուղից, նպաստից:
Երկրում, որտեղ կա արտագաղթ, այդքան աղքատություն, Սերժ Սարգսյանը գոհ է, որ ինքն այդքան ձայն է հավաքել, և ասել է, թե որևէ ժողովրդավարական երկրում նման բան հնարավոր չէ. «Ես բացարձակ համաձայն եմ նախագահի հետ, որևէ ժողովրդավարական երկրում նման բան հնարավոր չէր, մարդիկ հո ապո՞ւշ չեն արտագաղթի, սովի, կոռուպցիայի այս պայմաններում գնան վերարտադրեն այն իշխանությունը, որն իրեն այդ վիճակն է գցել»,-ասել է Հրանուշ Խառատյանը:
Հրանուշ Խառատյանը նաև նշել է, որ երկիրը 40 հոգու գաղութ է. մի երկիր, որտեղ Լեզվի ինստիտուտ գոյություն չունի, մի երկիր, որտեղ ընդերքն ամեն քայլափոխի ոչնչացվում է, այլ կերպ, քան գաղութային, չի կարելի համարել: Սերժ Սարգսյանի ասած՝ 7,2 տոկոս տնտեսական աճը ո՞ւմ է մինչև հիմա բաշխվել. մի երկիր, որտեղ տնտեսական բիզնես վարկը տասներկու տոկոսից ավելի է, մի երկրում, որտեղ գյուղացուն այսքան բարձր տոկոսով վարկ են տալիս, ինչքա՞ն կարելի է լլկել, սնանկացնել ու հետո ասել՝ էս մարդիկ սիրում են փախչել երկրից: