Գործարար Վլադիսլավ Մանգասարյանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին առնչվող հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նա նշեց՝ Մանգասարյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ․ «Հարուցված քրգործը միացվել է Լևոն Սարգսյանի վերաբերյալ՝ մեզ մոտ քննվող քրեական գործին»- նշեց նա՝ նշելով, որ քրեական գործով Վլադիսլավ Մանգասարյանը ճանաչվել է տուժող։

Գործը նախաքննության փուլում է։

Նշենք, որ Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է «Արին Կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։ Ընկերության սեփականատերը ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ առաջ ներդրումներ էր կատարել Հայաստանում՝ Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի շինարարություն, սակայն հայաստանյան գործընկերներն անբարեխիղճ էին գտնվել և հափշտակել շենքի գրասենյակային տարածքների ու բնակարանների, ավտոտնակներից վաճառքից գոյացած գումարները։

Տարիներ առաջ տարածված տեղեկությունների համաձայն՝ չարաշահումներին առնչություն է ունեցել նաև 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, ըստ դրանց՝ Վլադիսլավ Մանգասարյանը վայելում էր նրա հովանավորությունը։

Սակայն մեղադրանք էր առաջադրվել միայն Վլադիսլավ Մանգասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` 31 դրվագով՝ 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 2 մլրդ դրամի հափշտակություն կատարելու համար։ Քրեական գործն արդեն 3 տարի է գտնվում է դատարանի վարույթում և դատավարությունը դեռևս չի ավարտվել։ Ավելին, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Մանգասարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ 

Ինչ վերաբերում է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը, ապա նա հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում գտնվում է հետախուզման մեջ։