«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ արած  հայտարարության մասին: Հիշեցնենք, որ նա այդ հարցազրույցում մասնավորապես ասել էր. «Ես վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների` մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից: Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան չունեմ»:


Նրա  կարծիքով՝ համակարգը նույնն է մնացել, ընդամենը եղել է անձերի փոփոխություն: Մենք չենք տեսնում այն կարևոր փոփոխություները, որոնց համար դուրս էինք եկել ու պայքարում էինք. «Ես ոչ թե կիսում եմ Սերժ Սարգսյանի մտավախություները, այլ ինքս ունեմ մտավախություն: Մենք, ինչպես նախկինում անհանգստանում էինք երկրի ճակատագրի համար, նմանապես հիմա էլ անհանգստանում ենք: Ցավոք, մենք չունենք երաշխիք, որ միառժամանակ անց՝ Նիկոլ Փաշինյանը չի վերածվի Սերժ Սարգսյանի: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հարցը ոչ թե Սերժ Սարգսյան անձն է, որքան այն համակարգը, որը ծնում է Սերժ Սարգսյան: Իսկ այդ համակարգում ոչինչ չի փոխվել»: «Մի քիչ տարօրինակ է Սերժ Սարգսյանից լսել, որ վախենում է Հայաստանի ապագայի համար, որովհետև երկար ժամանակ ուներ այնպիսի գործունեություն ծավալելու, որպեսզի իր վախերը չեզոքանային: Նա երկար ժամանակ իրավասու է եղել լուծելու շատ և շատ հարցեր: Եթե խոսքը վերաբերում էր ներկա իշխանություններին, որ նրանց քաղաքականությունից է վախենում, ապա ես առանձնապես էական տարբերություն չեմ տեսնում նրանց վարած քաղաքականություների միջև»,- նշեց Հարոյանը:

 

Հարոյանը նշեց, որ հնարավոր է լինեն նոր ձերբակալություներ. «Բայց դրանք զուտ նրա համար, որ  իշխանության վերաբաշխումը տեղի ունենա նոր իշխանավորների օգտին կամ նոր իշխանության հովանավորյալների օգտին: Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն այն մարդիկ, որոնց, մեղմ ասած, այնքան էլ չի սիրում հայ հասարակությունը»:

Այս ամենով հանդերձ՝ Հարոյանը չի բացառում նաև, որ դա ներկայացում կլինի կամ ներքին պայմանավորվածություների արդյունք:

 

«Ես համակարծիք եմ Սերժ Սարգսյանի հետ այն հարցով, որ իր ձերբակալությամբ հարցը չի լուծվի, քանի որ համակարգը նույնն է: Օրինակ, հիմա էլ վստահ կարող ենք ասել, որ «Մարտի 1»-ի հարցը չի բացահայտվել: Մենք ունենք մի կալանավոր այդ հարցով, բայց ավելին ոչինչ չգիտենք: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ միայն Քոչարյանը չէ, որ մեղավոր է կամ մասնակից: Չէ՞ որ եղել են այլ մարդիկ ու համախոհներ, ովքեր հրամաններ են կատարել: Ցավոք, այնպիսի տպավորություն է, որ բացահայտելու խնդիր՝ էլ չունեն: Նույնը կարող ենք ասել նաև «Հոկտեմբերի 27»-ի  թեմայով»,-ընդգծեց նա:  

Մեր այն դիտարկմանը, թե ինչու Սարգսյանը այսքան սպասեց, որպեսզի խոսի, նա պատասխանեց. «Ես հասկանում եմ, թե ինչու է այսքան ժամանակ սպասել: Եթե ավելի շուտ խոսեր, իրեն ոչ ոք չէր լսի: Երևի սպասել է, որպեսզի կրքերը հանդարտվեն ու նոր միայն խոսի:  Բայց, այնուամենայնիվ, պետության ամենալուրջ լծակները երկար տարիներ հենց նրա ձեռքում են եղել: Ու ես չեմ հիշում, որ նա երբևէ ազնիվ ու շիտակ է խոսել քաղաքացիների հետ: Նա տարիներ շարունակ պետությունը ղեկավարել է սեփական հայեցողությամբ ու ի՞նչ, հիմա փոխվել է ու ուզում է անկեղծ խոսել»: 

 

 Լուսինե Մարդոյան