«Արցախի հարցում բանակցային գործընթաց, ըստ էության, չկա, վերջին 10-12 տարիներին չի էլ եղել: Իհարկե, հանդիպումներ եղել են, բայց դրանք չենք կարող համարել բանակցություներ, քանի որ գլխավոր կողմը՝ Արցախը, չի մասնակցում այդ գործընթացին»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հիմա էլ բանակցություներ չեն ընթանում, ընդամենը, խստացել է դիրքորոշումը, որը ներկայացնում է Հայաստանի իշխանությունը. «Այն միտքը, որ Արցախի ինքնորոշումը, անկախությունը սակարկման թեմա չէ, մեզ համար նախապայման է: Մեր դիրքորոշումը խստացել է և Արցախի անկախությունը կամ միացումը դարձել է նախապայման: Չի կարող քննարկաման թեմա դառնալ մի բանաձև, որը անընդունելի է առաջին հերթին Արցախի ժողովրդի համար»:

Հարությունյանը նշեց, որ Հայաստանի նախկին իշխանություների հետ իրենց հարաբերությունները այնքան էլ վատ չեն եղել: Իրենք գոհ են եղել տնտեսական համագործակցությունից, բայց դժգոհ՝ Ղարաբաղի վերաբերյալ քաղաքականությունից:

«ՀՀ նոր իշխանություների հետ մենք խնդիր չունենք, քանի որ մեր դիմած բոլոր հարցերը լուծում են ստացել: ՀՀ ցանկացած իշխանության հետ մեր միակ տարաձայնությունը կարող է լինել Արցախի հարցը: Մենք այլ խնդիրներ չենք կարող ունենալ»,- ընդգծեց նա:

Հարությունյանի կարծիքով՝ Արցախի հարցը մոտ ապագայում չի կարգավորվի, քանի որ Ադրբեջանը նախապայմաններով չի բանակցի: