ՀՅԴ ԵՄ երիտասարդները կրկին կառավարության շենքի առաջ էին: Նրանք նորից անդրադարձան իրենց բարձրաձայնած խնդիրներին, նշեցին, որ վերջին շրջանում ԿԳՄՍ ոլորտներում տարվող աշխատանքները խնդրահարույց են:

«Կայացված որոշումների և ոլորտային քաղաքականության պատասխանատուն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ոչ հարիր պահվածք է որդեգրել», -ասաց երիտասարդներից մեկը և հավելեց, որ, իրենց բարձրացրած հարցերին չեն տրվել պատճաշ, բովանդակային պատասխաններ, նախարարի պարտականություններն իրականացնող անձն իրեն թույլ է տվել պիտակավորումներ, արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն նախարարին, այլև՝ ցանկացած բարեկիրթ մեկին:

Պետական ամենաբարձր մակարդակով հեգնվել է ազգային օրակարգը և հարցեր բարձրացնողները պիտակավորվել են որպես հետադիմության առաջամարտիկներ: ՀՅԴ ԵՄ երիտասարդները կառավարությանը նամակ հանձնեցին, որում ավելի մանրամասն շարադրված էին ԿԳՄՍՆ-ում եղած խնդիրները:

«Նման վարքագծի պայմաններում, անհնար համարելով նախարարության հետ աշխատանքը, դիմում ենք կառավարությանը՝ զգուշացնելով, որ իրեն հեղափոխական հռչակած կառավարության անդամի վարքագիծը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Իր այս պահվածքով կառավարության այս անդամը մսխում է իշխող թիմի քաղաքական կապիտալն ու ստեղծում խնդիրներ, որոնք շեղվում են ազգային օրակարգից»: Երիտասարդները կարդացին առանձնացված 15 փաստ, թե ինչու պետք է հրաժարական տա ԿԳՄՍ նախարարը և կրկին ընդգծեցին, որ իրենց պահանջը մեկն է՝ նախարարի հրաժարականը:

 

«Այսուհետ նախարարի հետ խոսելու բան չունենք, պահանջը նախարարի հրաժարականն է, բայց այլևս կառավարությունից, մեր բոլոր հարցերը միայն կառավարության հետ են լինելու», - ասացին երիտասարդներն ու հավաստեցին, որ կառավարության հետ քննարկումների համաձայն են:

Երիտասարդներն անդրադարձան նաև վերջերս քննարկման բուռն ալիք բարձրացրած հայտարարությանը, թե Դաշնակցությունը պատրաստվում է պարտիզանակն քայլերի գնալ և հեղաշրջում իրականացնել: «Մենք պարտիզանական քայլեր կանենք միայն սահմանից այն կողմ, և եթե զենք բարձրացնենք, ապա կրկին սահմանից այն կողմ ենք բարձրացնելու»: Ի ցույց այն բանի, որ իրենք որևէ վտանգավոր գործողություն չեն պլանավորել, նրանք պլաստմասե ատրճանակներ դրեցին կառավարության դիմաց: Եվ տեղեկացրին, որ սա այս տարվա իրենց վերջին բողոքի ակցիան է: