Երեկ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բանակում տեղի ունեցող միջադեպերին՝ նշելով, որ բանակում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհեր գրանցելու պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է գնալ և տեսնել, թե բակերում, դպրոցներում երեխաներն ինչպես են շփվում:

«Ինչ խնդիր ունենք բանակում: Վարտիքի փոխելու խնդիր ենք դրել իմ վարչապետ դառնալուց հետո: Վարտիքները փոխվեց, հետո լվացքի մեքենաներով ապահովվեցին զորամասերը: Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Եվ եթե հանկարծ զինվորներից մեկը կրի մի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարա այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծի: Բայց այսօրվա իմ քննարկման հիմնական խնդիրն այն է, որ մենք այստեղ պետք է մինչև գենետիկ մակարդակում այդ պրոբլեմն ախտորոշենք: Ես պաշտպանության նախարարի, շտաբի պետին էլ ասել եմ՝ իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է»,- ասել էր վարչապետը՝ ընդգծելով, որ ինքն այս առումով կասկած չունի:

Խոսելով վարչապետի ելույթի մասին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ վարչապետն այլ բան է ցանկացել ասել, որ զինվորներից բազմաթիվ գործառույթներ վերցվել է, որպեսզի դա խնդրո առարկա չդառնան, և զինվորները դրա շուրջ չվիճեն․ «Քրեական ենթամշակույթի տարրերի առկայությունն է, որ ազդում է ծառայության վրա։ Արդեն մտածում են, թե ինչի շուրջ կարելի է թեմա սարքել, օրինակ՝ ինչու է երկու հոգու վարտիքը նույն լվացքի մեքենայի մեջ: Այսինքն՝ ստացվում է, որ ինչ էլ անենք, ինչքան էլ զինվորներին գործառույթներից ազատենք, միևնույն է՝ եթե քրեական ենթամշակույթը կա, մի բան մտածելու են և դրա շուրջ վեճ սարքեն: Օրինակ, կարող է զինվորն ասել՝ ինչու են իրեն թեք նայում, թեք նայելը բանակում արգելված է, եթե այդպես են նայում, պետք է դրա «աչոտը» տան»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Քրեական օրենսգրքում լրացումներ են կատարվում, որպեսզի քրեական ենթամշակույթը վերացվի։ Այդ ենթամշակույթին հարելն այժմ դիտարկվում է որպես հանցագործություն։

Պատգամավորը չբացառեց, որ բանակում քրեական ենթամշակույթին հարելու համար զինվորին մեղադրանք առաջադրվի: