«Ոստիկանության ծառայողների շրջանում կորոնավիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել, որոնցից 5-ն արդեն առողջացել են: 124 ոստիկան ինքնամեկուսացված է եղել, 39-ը մեկուսացված, 20-ի մոտ թեստերը բացասական են եղել»,- այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:  Նա տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը մարտի 19-ից ներգրավված է կորոնավիրուսով հիվանդների մեկուսացման և բուժման հարցում: Այն գործում է որպես ինֆեկցիոն հիվանդանոց և ապրիլի 20-ի դրությամբ այնտեղ բուժման մեջ է գտնվում 106 վարակակիր:  Երևանի փողոցներում մարդկանց անընդհատ ավելացող քանակին անդրադառնալով՝ փոխոստիկանապետն ասաց, որ իրենք իրենց բուն գործից զատ հսկայածավալ աշխատանք են իրականացնում՝ թվաքանակով նույնը մնալով: Նշենք, որ ոստիկանության ծառայողներն իրենց աշխատանքի դիմաց մարտ ամսվա համար ստացել են հավելավճարներ:  «Չեմ ժխտում՝ մեր քաղաքացիների թվաքանակն ավելացել է փողոցներում, դա մենք կապում ենք պարետի կողմից սահմանափակումների թեթևացման հետ: Թույլատրվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը, մարդիկ աշխատանքի են գնում: Իսկ մենք աշխատում ենք նույն թափով, մենք փորձում ենք աչալուրջ իրականացնել մեզ վրա դրված խնդիրը»,- եզրափակեց փոխոստիկանապետը: