Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կայացել է նիստ, որի ընթացքում քննարկվել է նորաստեղծ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ծրագիրը:

Ինչպես տեղեկանում ենք ՀԱԿ Facebook-ի էջից, նիստը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են Աշոտ Սարգսյանը, Սամվել Աբրահամյանը, Զոյա Թադևոսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Արմեն Օհանյանը, Վիկտոր Միրումյանը: Նիստին մասնակցել են նաև Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ավետիս Ավագյանը, Վահան Վարդապետյանը, Սարգիս Թամազյանը:

Ծրագրային խմբի նիստում աշխատանքային կարգով քննարկվել են կուսակցության տարբեր կառույցներից, անհատ անդամներից ստացված հարյուրավոր առաջարկներ, որոնք առնչվում են արժեքային-գաղափարախոսական, ազգային և քաղաքական հիմնահարցերում Կոնգրեսի որդեգրած դիրքորոշումներին: Առաջիկայում ծրագիրը կբերվի վերջնական տեսքի և կներկայացվի համագումարի հաստատմանը:

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության համագումարը տեղի է ունենալու ապրիլի 13-ին Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: