1944-ի հոկտեմբերին Մեծ Ռայխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը հավանություն է տվել գրավյալ Դանիայում հեծանիվները բռնագրավելու որոշմանը: Այս մասին գրել է CPH Post-ը՝ հղում անելով «Historyisk Tidsskrift» ամսագրում հրապարակված ուսումնասիրությանը:

Ըստ հետազոտողների՝ սա այն եզակի դեպքերից է, երբ Հիտլերը անմիջական մասնակցություն ուներ Դանիայի կառավարմանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Նման որոշումը զայրացրել է դանիացիներին. նրանք սկսել են հրատարակել գաղտնի թերթեր, որոնցում ծաղրում էին գերմանացիներին և հափշտակված հեծանիվները անվանում Հիտլերի գաղտնի զենքը:

Հետազոտության ղեկավար Ջոն Լաուրիդսենը նշում է, որ հեծանիվների բռնագրավման դրվագը աննշան է թվում Հիտլերի հանցագործությունների ցանկում, բայց այն մերկացնում է գերմանական օկուպացիոն ուժերում իշխանության համար ներքին պայքարը:

Դանիայում գերմանական զորքերը այդ ժամանակ ղեկավարել է Հերման ֆոն Հանեկենը, դանիական Գեստապոյի մասնաճյուղը ղեկավարում էր SS-ի օբերգրուպեն ֆյուրեր Գյունտեր Պանկեն, իսկ Ուորներ Բեսթը ուղարկվել էր Գերմանիայից որպես Դանիայում կայսերական հանձնակատար:

Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր նպատակներն ու մեթոդները դրանց հասնելու համար. Հանեկեն և Պանկեն կողմ էին խստագույն միջոցառումներին, Բեսթը անհանգստացած էր բնակիչներից հեծանիվների բռնագրավման պատճառով խռովությունների հավանականությունից: Վերջինս համոզել է Հիտլերին նվազեցնել տրանսպորտային միջոցների առգրավումը, բայց, չնայած դրան, միջադեպը համարվում է հեծանիվների ամենամեծ գողությունը Դանիայի պատմության մեջ: