Եվ նորից անդրադարձ ապրիլի 9-ին. այն ակամա դարձել է մեր հասարակությունում ինչ-որ նոր սկզբի սպասելի ու հեքիաթային մեկնարկ: Բոլորը հավատում են, որ այդ օրը յուրօրինակ իրադարձությունների ականատես են լինելու, իսկ արդեն իսկ հաջորդ օրը ապրելու են նոր երկրում ու նոր Հայաստանում:

Սակայն այդպես մտածողներին զուգահեռ՝ Հայաստանում կա ևս մեկ մեծ բանակ, որը ապրիլի 9-ը դիտարկում է միայն իր ներկայիս վիճակը պահպանելու տարբերակ, այսինքն՝ միմիայն Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որը, մեկ անգամ չէ որ նրանք նշել են, տոն է, և նրանց հորդորն է չփչացնել տոնը:

Այսպիսով՝ ստացվում է հեքիաթ, որը բավականին իրական հեռանկարներ ունի, և տոնի համատեղման օր, որը, թերևս, Հայաստանում նույն ապրիլի 9-ին խոստանում է և՛ հեքիաթ, և՛ տոն, և՛ խրախճանք:

Հենց այս տոնակատարությանը ուրախ տրամադրությամբ մասնակցելու շարժառիթով էր այսօր կառավարության հերթական նիստում փայլում վերջինիս ղեկավարը՝ գերագույն վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այսօր նիստի անդամներին ներկայացավ իր ողջ հմայքով, պերճությամբ և պետության հանդեպ ունեցավ յուրահատուկ մայրական գորովանքով:

Մի՞թե այս տարիների ընթացքում վարչապետը լցվում է այս զգացմունքով միայն այն պահերին, երբ իր աթոռի գլխին վերստին կախվում է դամոկլյան սուրը։ Իհարկե, վարչապետն այս օրերին զբաղվում է օրացույցում ամեն մի անցնող օրը ջնջելով, որին զուգահեռ, իհարկե, բարձրանում է սեփական կատարած աշխատանքի ՕԳԳ-ն:

Եթե հետհայացք նետենք վարչապետի կառավարման վերջին տարիներին, ապա միանգամից ականատեսը կլինենք այն հանրահայտ միլիարդների փոշիացմանը կառավարության տարբեր նախարարությունների կողմից, որոնք հեշտությամբ կարելի էր համարել պայթած դեպքերից ամենախոստումնալիցը, մի խոսքով՝ Տիգրան Սարգսյանի աչոկների հավաքագրմամբ զբաղվելուն հիմք հանդիսացավ Սերժ Սարգսյանի հանրահայտ խորհրդակցությունը, այլ կերպ՝ հանրությանը ավելի ճանաչելի լեզվով, ատկատների էպոխան:

Այդ օրվանից սկսած՝ Տիգրան Սարգսյանը սկսեց արդեն հաջորդ պաշոնավարմանը նախապատրաստվելը: Եվ ահա եկավ, անցավ նախագահականը, ամեն ինչ գնաց ըստ պլանի, ընտրվեց Սերժ Սարգսյանը, և հիմա արդեն ժամանակն է սեփական ճարը տեսնելու, և գործողություններն արդեն մեկնարկել են:

Այսօր կայացած նիստում Տիգրան Սարգսյանն արդեն անցավ ավելի կրիտիկական քայլերի, արդեն կառավարության լուսանցքում հայտնված նախարարների լիկվիդացման պրոցեսին տվեց իր տրամաբանական մեկնարկը. այս նիստում թիրախը Արմեն Աշոտյանն էր, իսկ Երանյան խճանկարից՝ Կամո Արեյանը, ում խոսքերը, մեղմ ասած, վարկաբեկվեցին և ստեղծեցին ստի ու կեղծիքի դաշտ, գոնե միայն Գագիկ Բեգլարյանի, Վաչե Գաբրիելյանի և հենց Տիգրան Սարգսյանի համար, ով նիստի վերջում շպրտեց մի արտահայտություն, որը չի կարելի տարբերել բակային խոսակցությունից:

Տիգրան Սարգսյանը խոսեց կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին ու այնուհետև՝ «որ վաղը մյուս օրը այսպիսի պայթած գործեր չունենանք»:

Այսպիսով՝ պրոցեսը մեկնարկել է, Տիգրան Սարգսյանն անցել է Սերժ Սարգսյանից աչոկներ կորզելու ու աթոռի տակ պահելու գործընթացին, իսկ մնալու շանսերը, հավատացե՛ք, այնքան էլ ցածր չեն, և սա մյուս կողմից կարելի է համարել նաև կառավարությունում որոշ նախարարների՝ նոր կառավարությունից դուրս թողելու պրոցեդուրա:

Գևորգ Ավետիսյան