Դեռևս մարտի սկզբին գրել էինք, որ  զորքերի և պարեկապահակային ծառայության աշխատակիցների նյարդերը տեղի էին տվել վերջին շրջանում տեղի ունեցող հավաքներին մասնակցելու պատճառով և որոշել էին հեռանալ համակարգից։ Սակայն փոխոստիկանապետը հավաքել էր վերջիններիս և աշխատավարձեր ու հավելավճարներ բաժանել՝ փորձելով շահել նրանց սիրտը։ Սա էլ դժգոհություն էր առաջացրել բաժինների աշխատակիցների մոտ և նույն օրն առավոտյան էլ նրանք էին բողոքի ալիք բարձրացրել, թե ամբողջ օրը կառավարություն-Բաղրամյան գիծն են բռնում, բայց խրախուսանքի չեն արժանանում։

Պարզվում է՝ ԼՈՒՐԵՐ․com-ի հրապարակումից հետո ոստիկանության բաժինների աշխատակիցներին ևս հավելավճարներ են բաժանվել։ Մեր տեղեկություններով՝ սկզբում որոշել են միայն հավաքներին մասնակցող աշխատակիցներին պարգևատրել մեկ աշխատավարձի չափով, սակայն հետո որոշում է կայացվել անխտիր բոլորին գումարներ տալ, որից հետո գումարի չափը կրճատվել է՝ հասնելով 78 000 դրամի։ 

Ի դեպ, այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով այս հարցին նշեց․ «Ճիշտ ենք արել, որ ոստիկաններին պարգևավճար ենք տվել, հլը ավելի շատ պետք է տանք»,- ընդգծեց նա՝ կարևորելով ոստիկանների դերը հավաքների ժամանակ կարգուկանոն ապահովելու գործում։ 

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ոստիկանությունից, սակայն այստեղից փոխանցեցին հարցում ուղարկել, որի պատասխանը կստացվի սահմանված ժամկետում։ 

Սոնա Հարությունյան