Այսօր Սարի թաղի ոչ բոլոր բնակիչներին էին իրազեկել ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման մասին: Գառնիկ Աբրահամյանն այդ մասին իմացել էր հանդիպումից հետո միայն, և գիտի, թե ինչու իրեն չեն կանչել՝ որովհետև «ընդդիմանում» է:

«Իշխանություն չկա, ժողովրդի համար մտածող չկա, իսկ ժողովրդին էլ բերում են՝ իբր մտածում եմ, բայց չեն մտածում, ժողովրդի համար մտածողը գործարան կստեղծեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ որևէ մեկը չկա, որ գոհ լինի իր ապրելակերպից:

«Ժողովուրդը դժգոհ է, ժողովրդի մեծ մասը հոգնել է ստախոսությունից, խաբեությունից։ Այդքան խաբել ժողովրդին չի կարելի, բոլորը արտագաղթում են»,- ասաց նա, ապա հավելեց, որ մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել էր «Հայաստանում տղամարդ չկա», և, ըստ Գառնիկ Աբրահամյանի, եթե լիներ տղամարդ, այս վիճակին չէինք լինի:

Գառնիկ Աբրահամյանն արտասանեց իր բանաստեղծությունը.

Երևան դարձած իմ Էրեբունի
Այսօր շատ թերություններ ունի:
Առաջինը՝ գրագետ նախագահ չունի,
Բոլոր ղեկավարներն են թալանչի:

Ընտանեկան անմակարդակ խորհրդարան,
Բոլոր որոշումներն են իրենց համապատասխան,
Նախարարները ընտրված պատահական,
Հայաստանը գնում է կործանման:

Քաղաքապետերը քաղաքին ոչ վայել,
Բոլորը Քաջ Նազար են դարձել:
Շատերն են հայրենիքից հեռացել,
Մնացածն էլ ատելությամբ լցվել:

Իմ սիրելի բանակ, իմ հայրենիքի պաշտպան,
Ղեկավարներդ բիրտ ու դաժան
Շատ եմ ափսոսում՝
Անմեղ զոհեր կան:

Եկեք բոլորս միասին
Վերջ տանք այդ քաոսին,
Նրանց հասցնենք իրենց արժանի պատժին,
Մենք էլ հասնենք մեր նպատակին: