Այսօր՝ մարտի 31-ին, Ղրղզստանում մեկնարկել են մարտավարական զորավարժությունները, որոնց ընթացքում օգտագործվելու են Bayraktar TB2 հարձակման անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Այս մասին հայտնում է Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Իսիկ-Կուլի շրջանում այսօր՝ մարտի 31-ին, անցկացվում են հատուկ մարտավարական «Վահան - 2022» զորավարժությունները։ Ղրղզստանի Հանրապետության նախագահ, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սադիր Ջապարովը հետևում է ՊՆ ուսումնական կենտրոնի բազայի վրա անցկացվող զորավարժությունների ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, հանրապետության պատմության մեջ առաջին անգամ զորավարժությունների ընթացքում կկիրառվեն «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Ղրղզստանը մի քանի Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր է գնել Թուրքիայից 2021 թվականին։ Դրանք փոխանցվել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությանը։