ԱՄՆ-ում բնակվող մի խումբ սփյուռքահայեր, որոնք ներկայացնում են «Ճանաչենք, սիրենք, շենացնենք մեր գյուղերը» խումբը, ընդառաջելով «Սեւան» թերթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանի խնդրանքին, որոշել են վերանորոգել Սեւան համայնքի Զովաբեր գյուղի մանկապարտեզի խոհանոցը։

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Սեւան համայնքում գործում է 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որոնց շենքային բարվոք եւ հարմարավետ պայմանների ստեղծումն ու առկայությունը համայնքային առաջնահերթություններից է:

Ի թիվս մանկական կրթօջախների հիմնանորոգման մի շարք ծրագրերի, որոնք առաջիկայում հավակնում են կյանքի կոչվել, արդեն իսկ իրականացվող ծրագրի վերաբերյալ ուրախալի լուր է ստացվել ԱՄՆ-ից:

«Հանդիպումներից մեկի ժամանակ առիթ է եղել, եւ ես ներկայացրել եմ Զովաբերի մանկապարտեզի խոհանոցի ոչ բարվոք վիճակը։ Չէի կարծում, որ բարձրացվածս խնդիրը կարժանանա ոչ միայն ուշադրության, այլ նաեւ կստանա կոնկրետ լուծում»,- ասում է Պապ Հայրապետյանը։

Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից ևս հավաստեցին, որ օրեր առաջ մեկնարկել են մանկապարտեզի խոհանոցի վերանորոգման աշխատանքները, որին կհաջորդի խոհանոցային առաջին անհրաժեշտության սարքավորումների համալրումը։
«Այս անչափ կարեւոր ծրագիրը, որ իրողություն է դարձել հեռավոր ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական միջոցներով, ինչպես նաեւ «Սևան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանի ջանքերով, եւս մեկ անգամ վկայում է, որ բարեգործությունը սահմաններ չի ճանաչում, եւ գյուղական բնակավայրերի նկատմամբ սիրո եւ ուշադրության դրսեւորումը չի սահմանափակվում միայն բառերով: Ի դեպ, շահագործման օրվանից, արդեն մի քանի տասնամյակի ընթացքում, Զովաբերի մանկապարտեզի խոհանոցը չի վերանորոգվել»,-նշեցին համայնքապետարանի աշխատակազմից: