Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահություն իրականացրած 62 հայ զինվորական պատերազմից անմիջապես հետո գերեվարվեցին ադրբեջանցիների կողմից։ Դա տեղի ունեցավ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին։ Մենք տեղեկացել էինք, որ այս զորախումբը գործել է ռուսական բանակի ենթակայության ներքո, եւ զրուցեցինք զորախմբի նախկին հրամանատար Տիգրան Փարվանյանի հետ։ «Գերեվարված զինվորականները մոբիլիզացվել են 7-րդ ամրացված շրջանի զորամասի բազայի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ, հայ-ռուսական միացյալ զորախմբի նախկին հրամանատար Տիգրան Փարվանյանը։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք վերջիններս համարվո՞ւմ են նաեւ ՌԴ զինված ուժերի կազմում գործող զինվորականներ։ «Ոչ, իրենք կապ չունեն բացարձակ ռուսական կողմի հետ, դա միայն հայկական զորամաս է եղել»։

Իսկ տեղեկություններ ունի՞ գերիների վերադարձի մասով։ Փարվանյանն ասաց, որ արդեն երեք ամիս է՝ չի ծառայում եւ որեւէ տեղեկատվության չի տիրապետում։ «Ժամանակին ես օգնել եմ, խաղաղապահների հրամանատարի հետ՝ Մուրադովի հետ բավականին մարդ, ինչքան հնարավոր էր, հետ ենք վերադարձրել։ Ես էլ չեմ զբաղվում դրանով, համապատասխան կառույցներ կան, որ զբաղվում են դրանով, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- ասաց Փարվանյանը։

Գերիների վերադարձի խնդրով արդյոք իր օգնությանը չե՞ն դիմել։ Ասաց, որ ոչ ոք չի դիմել։ Գեներալ-լեյտենանտը, որ 40 տարվա փորձառություն ունի, այժմ «վաստակած հանգստի է անցել»։ Այնուամենայնիվ հարցրինք, թե ինչպես է վերաբերվում բանակում ու բանակի շուրջ տեղի ունեցող իրողություններին։ «Ես ինչ-որ բանի հետ կապ ունե՞մ։ Ես իմ պարտքը տվել եմ իմ երկրին, գնացել եմ հանգիստս վայելեմ, եթե ստացվի։ Որ զինվորական եմ՝ կրա՞կն ընկա, ինչ կարողացել եմ, արել եմ ազգիս համար, պետությանս համար, ժողովրդիս համար։ Իմ երիտասարդ տարիներն էլ եմ տվել ազգիս, առողջությունս էլ եմ տվել ազգիս, հիմա թողեք հանգիստս վայելեմ»։ Փարվանյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի փետրվարից, իսկ զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2023 թվականի մարտի 14-ին, երբ նախագահը ստորագրել է նրա ազատման հրամանագիրը՝ վարչապետ Փաշինյանի առաջարկով։

Հիշեցնենք, որ այս պահին Խծաբերդ գյուղի տարածքում գերեվարված զինվորականներից 26-ը դեռեւս գտնվում է Ադրբեջանում։