«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
 
«Երևանի ավագանու ընտրությունները հստակորեն հաստատեցին մի կարևոր հանգամանք. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն այժմ չունի լեգիտիմ իրավունք՝ ներկայացնելու հայ ժողովրդին ու նրա շահերը Արցախի հիմնախնդրի և դրա լուծման բանակցություններում, Հայաստանի տնտեսության զարգացման հարցում, ՀԱՊԿ շրջանակներում ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում։
 
Այս ընտրությունները բացահայտեցին այն, ինչ մենք վաղուց ասում էինք. Փաշինյանի և նրա թիմակիցների արկածախնդրությունն այս մարտավարական և ռազմավարական հարցերում զայրացրել են հայ ժողովրդին, հանգեցրել նրա նկատմամբ հանրային վստահության և Փաշինյանի ռեժիմի լեգիտիմության կորստի։
 
Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 28,94 տոկոսը։ Նրանցից 33,81 տոկոսը քվեարկել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ինչը կազմում է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 9,5 տոկոսը։ Հաշվի առնելով, որ իշխանությունը մոբիլիզացրել է իր ողջ ընտրական ռեսուրսը, ստացվում է, որ հենց այս 9,5 տոկոսը առավելագույն արդյունքն է, որին Փաշինյանն ու իր կուսակցությունը կարողացան հասնել մայրաքաղաքի ավագանու ընտրություններում։
 
Անկախ նրանից, թե ով կդառնա քաղաքապետ, մի բան պարզ է. Փաշինյանը ջախջախիչ պարտություն է կրել Երևանի ավագանու ընտրություններում՝ դրանով իսկ բացահայտելով իր թիմի անարդյունավետությունն ու մարդկանց ճնշող մեծամասնության հիասթափությունը նրանից։ Դա թիմային պայքար էր, որը ղեկավարեց անձամբ ինքը՝ հրապարակավ կոչ անելով ձայն տալ Տիգրան Ավինյանի օգտին և պատասխանատվություն ստանձնելով ընտրությունների արդյունքների համար։ Այսպիսով, սա առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի, իսկ հետո միայն Տիգրան Ավինյանի ու ՔՊ-ի մյուս անդամների բացահայտ պարտությունն է։
 
Հաշվի առնելով խորը քաղաքական ճգնաժամային իրավիճակը՝ կոչ եմ անում բոլոր հասարակական-քաղաքական ուժերին խորհրդակցություններ սկսել՝ երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստելու համար, ինչը միակ ելքն է այս անհեթեթ իրավիճակից։ Ընդամենը 9,5 տոկոս ձայն ունեցող քաղաքական ուժը չի կարող և իրավունք չունի շարունակելու միանձնյա որոշումներ կայացնել երկրի ու մեր սերունդների ճակատագրի վերաբերյալ։ Ես չեմ ուզում, որ քաղաքական կուսակցությունը, անկախ իր անունից, որն ունի այդքան ցածր վստահության վարկանիշ, որոշի մեր երեխաների ու մեր պետության ճակատագիրը։
 
Այս իրավիճակում միակ լուծումը համախմբվելն է, նոր օրակարգ ձևավորելն ու նոր ընտրությունների գնալը՝ առանց ատելության, առանց մարդկանց «սևերի» ու «սպիտակների» բաժանելու, ինչպես քաղաքացիների վստահությունը կորցրած Փաշինյանի ներկայիս իշխանությունն է անում։ Միայն ժողովրդի վստահությունը վայելող նոր խորհրդարանը կկարողանա երկիրը տանել դեպի զարգացում և լուծել մեր պետության առջև ծառացած բոլոր, այդ թվում՝ ամենաբարդ, ռազմավարական խնդիրները»։