«Փաստ» օրաթերթը գրում է.

«14 տարեկանից հայրիկս եղել է Արցախյան գոյամարտի կիզակետում: Մասնակցել է Քառօրյա պատերազմին, բայց այդ պատերազմն իր համար ոչ թե չորս օր տևեց, այլ մեկ ամիս: Հետո 44-օրյա պատերազմն է: Իսկ խաղաղ ժամանակներում իր ստեղծած կազմակերպության շրջանակներում այցելել է զորամասեր: Նա 33 տարի ռազմական կյանքի մեջ է եղել, ոչ մի պատերազմից «բացակա» չունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռուզաննան՝ Մանվելի դուստրը:

2005-2012 թթ. Մանվել Խաչատրյանը ղեկավարել է «ՀԱԲ» ՀԿ-ի Էրեբունի տարածքային բաժանմունքը և գլխավորել վարչության ռազմահայրենասիրական բաժինը, իսկ 2012 թ.-ին հիմնադրել է «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկներ» միավորում հայրենասիրական հասարակական կազմակերպությունը: Իսկ հետո սկսվում է զրույցը հայրիկի մարդկային տեսակի մասին. «Առաջնայինը շատ լավ ընկեր է եղել: Շատ բարի էր, հոգատար: Պատերազմի դաշտում վստահաբար այլ տեսակ էր, բայց տանը հանգիստ էր: Արցախյան շարժման մեկնարկին հայրս մասնակցել է ցույցերին, երթերին: Երբ սկսվում է պատերազմը, տանից փախչում է և գնում կամավորագրվելու ՀԱԲ-ին՝ Ռազմիկ Վասիլ յանի մոտ: Թույլ չեն տալիս, տուն են ուղարկում՝ փոքր ես: Գալիս է տուն, տատիկին համոզում, նա էլ իր զինվորական ծանոթի մոտ է տանում, պապան կամավորագրվում է «Վարդանանք» երդվյալ ջոկատում ու մեկնում Արցախ:

Իրեն որևէ մեկը չէր կարող համոզել, որ չգնար, տատիկին ասել էր, որ եթե իրեն չօգնի, միևնույնն է, ինքը տարբերակ գտնելու է և մեկնի մարտի դաշտ: Մասնակցել է ազատագրական, ինքնապաշտպանական մարտերին: Հետո արդեն որոշում է որպես հետախույզ տեղափոխվել Կոմանդոսի մոտ: Ռազմի դաշտում ծանոթանում է իմ մայրիկի հայրիկի հետ: Քանի որ պապան տարիքով փոքր է լինում, պապիկի ուշադրությունն անընդհատ իրեն է ուղղված լինում: Հայրիկս այդ ժամանակ թե՛ տարիքով էր փոքր, թե՛ կազմվածքով: Կնքում են «Ճուտ» մականվամբ: Մասնակցում է Շուշիի ազատագրմանը»: Պատերազմից հետո մարդիկ վերադառնում են խաղաղ կյանք, Մանվելն ընտանիք է կազմում, աղջիկ և տղա ունենում: Խաղաղ ժամանակներում նա կրկին բանակի կողքին էր, իսկ երբ սահմաններին անհանգիստ էր, թեժ կետերում էր:

«Ապրիլյան պատերազմի օրերին ընտանիքով Ռուսաստանում էինք: Երբ Քառօրյան սկսվեց, պապան մի պահ «կորավ»: Նա Մոսկվայում էր, իսկ մենք՝ ուրիշ քաղաքում: Զանգում էինք իրեն, անհասանելի էր: Հետո սոցցանցում տեսանյութ աչքովս ընկավ: Կոմանդոսը հարցազրույց էր տալիս՝ մեր տղերքը Մոսկվայից զանգել են, արդեն գալիս են: Մամային ասացի՝ պապան գնաց Հայաստան: Մայրիկը հակադարձեց՝ չէ, գործերով Մոսկվայում է: Զանգեցի Կոմանդոսի գրասենյակ, հարցրեցի, թե հայրիկի անունով մարդ կա՞ այնտեղ, ինձ ասացին, որ ժողով է, կճշտեն, հինգ րոպեից կարող եմ զանգահարել: Հինգ րոպեից զանգեցի, «պա՛պ, գնալո՞ւ ես դիրքեր», «չէ, բալե՛ս, թղթերի հարցերով եմ եկել»: Երեկոյան նորից զանգեցի, հեռախոսը երևի պատահաբար միացավ, կրակոցների ձայներ լսեցի: Իրեն անհնար էր հետ պահելը: Որոշ ժամանակ անց զանգեց, ասաց, որ ամեն ինչ լավ է, շուտով կվերադառնա: Քառօրյայի ժամանակ Թալիշում է եղել. որտեղ թեժ էր, ինքն այնտեղ էր:

Երբ ավարտվեց պատերազմը, հույս ունեինք, որ շուտ կվերադառնա Հայաստան, սակայն մեկ ամիս մնաց տղաների կողքին: Իր համար կարևոր էին զինվորները, երևի ավելի շատ, քան մենք: Բացատրեմ, թե ինչու եմ այսպես ասում: Երբ մարտական գործողություններ էին սկսվում, ասում էր՝ երեխեքս մենակ են, գնամ, հասնեմ երեխեքիս: Իսկ մեզ ասում էր՝ դուք ապահով եք, այս պահին կարևորն իրենք են»: 44-օրյա պատերազմի ժամանակ Մանվել Խաչատրյանը ևս մարտի դաշտում էր: «Կազմակերպությունները, որոնց միջոցով ռազմահայրենասիրական գործունեություն էր ծավալում, նաև կից ջոկատներ ունեին: Պատերազմն սկսվեց, տագնապ հայտարարեցին ու ջոկատով սեպտեմբերի 28-ին մեկնեցին Հադրութ: 44-օրյայի ժամանակ վստահ էի, որ նա վերադառնալու է, որևէ վատ կանխազգացում չունեի: Երբեք իրեն չեմ ասել՝ պա՛պ, մի գնա: Օրերով չէր զանգում, հետո իմացանք, որ Կարախանբեյլիում է, Վարանդայի ամենաթեժ կետերում: Ընկնում են շրջափակման մեջ, իր գիտելիքների, պատրաստվածության շնորհիվ իր զորքին դուրս է բերում, ուղևորվում են Ստեփանակերտ: Հետո արդեն Երևան»:

44-օրյա պատերազմի ժամանակ մինչև վերջին օրը մնում է ռազմի դաշտում: Ռուզաննայի խոսքով, պատերազմից հետո հայրիկը մի փոքր դադար վերցրեց, հետո իր ջոկատով մեկնեց Կապան հերթապահության: «Երբ մահացավ «Վարդանանք» ջոկատի հրամանատարը, որոշեցին, որ պապան պետք է լինի հրամանատարը, նա, ով տարիքով փոքր էր, բայց մեծ փորձ ուներ: Իր ջոկատը մասնակցեց եռամսյա հավաքների Կապանում, Ջերմուկում: Շատ քիչ էր տանը լինում, իսկ երբ լինում էր, միևնույնն է, իր միտքը տղաների հետ էր, կամ կազմակերպության գրասենյակում էր իր գործերով»: Մանվել Խաչատրյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ջերմուկում: «Անկախ ինձանից, այդ օրերին անընդհատ պատերազմից էի խոսում: Իրեն ասացի՝ պա՛պ, այս անգամ, որ պատերազմ սկսվի, չես գնալու: «Ի՞նչ ես խոսում, գնալու եմ, բա ի՞նչ եմ անելու»: Սեպտեմբերի 12-ի գիշերը պատերազմը սկսվեց, քնած էի, արթնացրեց՝ պատերազմ է, գնում ենք: Ջոկատի տղաներով հավաքվեցին և ուղևորվեցին Ջերմուկ: Այդ օրը շատ վատ զգացողություն ունեի, անընդհատ խնդրում էի՝ պա՛պ, գոնե էս անգամ մի գնա, արձագանքեց՝ 44-օրյայի ժամանակ չասացիր մի գնա:

Երբ արդեն Ջերմուկում էր, մեր զանգերից առաջինին չպատասխանեց, մյուսին պատասխանեց՝ տեղս հարմար չի, կզանգեմ: Բայց էլ չզանգեց»: Սեպտեմբերի 15-ին Մանվելը տանն էր, իսկ 17-ին՝ դստեր ծննդյան օրը, հայրիկի հուղարկավորությունն էր: «Իր հետ կռվող 7 տղա զոհվեց, 9 վիրավոր ունեինք, մյուսների հետ ամեն բան կարգին էր»: Ռուզաննան ասում է՝ հայրիկը շատ ծանր էր տանում մեր հայրենիքի հետ կապված ցանկացած ողբերգություն: 44-օրյա պատերազմից հետո Արցախի մի մասի կորուստը անասելի ծանր էր նրա համար. «Ասում էր՝ Աստված իմ, եթե պետք է տան, գոնե չտեսնեմ, թե ինչպես են տալիս: Եթե տեսներ, թե ինչպես են Արցախը տալիս, երևի նույն պահին կմահանար: Իսկ հիմա մենք ապրում ենք իր անսահման նվիրվածության, հոգատարության շնորհիվ, գուցե հենց դա է ուժ տալիս, որ դիմանանք: Չնայած իր ժամանակի մեծ մասը դիրքերում էր, զինվորների հետ, ռազմական գործողությունների մեջ, բայց փորձում էր ինչ-որ տարբերակով լրացնել այն բացը, որ մեզ հետ քիչ ժամանակ էր անցկացնում: Հունվարի 19-ին՝ պապայի ծննդյան օրը, իր գլխավորած կազմակերպությունը վերանվանվեց իր անունով՝ «Մանվել Խաչատրյանի անվան հայրենասիրական ՀԿ»: Այն, ինչ ուզում էր անել, բայց չհասցրեց, փորձում ենք մենք անել, այդ կերպ լրացնել իր բացակայությունը»:

Հ. Գ. - Մանվել Խաչատրյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է մի շարք մեդալներով և պատվոգրերով՝ ՀՀ և Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, «Մարտական ծառայության» մեդալով, «Արիության», «Գարեգին Նժդեհ» և «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, «Մարշալ Հ. Ք. Բաղրամյան» մեդալով, «Հայաստանի զինված ուժեր 20 տարի», «Հայաստանի զինված ուժեր 25 տարի», «Հայաստանի զինված ուժեր 30 տարի» հոբել յանական մեդալներով: Մեդալների շարքն այսքանով չի վերջանում: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ