«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ հղում տալով մեր աղբյուրներին՝ նշել էինք, որ կիրակի օրը «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում բազմամարդ' շուրջ 500 հոգու մասնակցությամբ, հավաք է եղել՝ քաղաքական բովանդակությամբ, որը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Նշել էինք, որ մասնակցել են նաև ազդեցիկ գործիչներ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակներից: Այս հանդիպման մասին թերթին նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Նախ՝ ելույթների հիմնական շեշտադրումը վերաբերել է երկրի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար ուժերի համախմբման անհրաժեշտությանը:

Ի մասնավորի, «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն ասել է, որ հանուն երկրի զարգացման պետք է դուրս գալ քաղաքական այս դիսկուրսից, համախմբել հանրությանը՝ միևնույն ժամանակ քաղաքական դաշտ բերելով նոր առաջնորդների՝ այսպես ասած, «ժողովրդի ծոցից», ինչպես նաև ներգրավել հասարակության լայն շերտերին: Նա նշել է, որ անհրաժեշտ է գիծ քաշել պառակտիչ հարաբերությունների վրա ու գտնել համախմբման ճանապարհով խնդիրները լուծելու մեթոդներն ու ճանապարհները: «Հայկական երազանք» կուսակցության ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արմեն Մկրտչյանն էլ նշել է, թե ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Ալիևի երազանքները հօդս ցնդեն, միասնական ուժերով ստեղծենք հզոր հայրենիք:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, «Միասնություն» շարժման ղեկավարները «կուլուարային» հանդիպումներ են ունենում Հայաստանի մեծ թվով քաղաքական թիմերի և հասարակական գործիչների հետ' երկրի զարգացման և անվտանգության հարցերի շուրջ ջանքերը միավորելու նպատակով։