Aravot.am-ի խնդրանքով օրերս Գյումրի այցելած «Նախախորհրդարան» քաղաքացիական խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով ճանաչված մարդկանց՝ որոշ երգիչների ու հաղորդավարների՝ գյումրեցիներին տարբեր արտահայտություններով վիրավորելու ու խայթելու փաստին, ասաց. «Ազատ մարդկանցից ստրուկները վախենում են շատ ավելի, քան ստրկատիրոջից, ստրկատիրոջ հետ ինքը վաղուց խնդիր չունի, իրա 30 արծաթը, չեմ ասում կոնկրետ Շուշանի մասին, կարող է 30-ը քիչ եմ ասում, ես խոսում եմ մարդկանց մասին, ովքեր չեն ամաչում իրենց արվեստագետ անվանել՝ ժողովրդական, եթե ժողովուրդը քեզ տեսնել չի ուզում… Կրկնում եմ՝ շատ շատերի մասին է խոսքը»:

Վարդան Հակոբյանն էլ, ով առիթ էր ունեցել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ընտրությունների թեմայով բանավիճել երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, ասաց. «Ցավոք, Շուշանի ելույթը միակ չէ, «Արմենիա» հեռուստաընկերությամբ Ֆելիքսը ևս իրեն թույլ տվեց ասելու, թե ավելացած սնունդը ուղարկելու է գյումրեցիներին:

Ես, որպես արվեստի ներկայացուցիչ, կարծում եմ, որ իրեն հարգող որևէ մարդ, առավել ևս արվեստի հետ շփվող մարդը պարտավոր է չափազանց մեծ հարգանքով վերաբերել բոլորին, առավել ևս գյումրեցուն, որը ամենաթարմ օրինակով ապացուցել էր, որ ինքը ունի իր կարծիքը և չի խորշում իր կարծիքը արտահայտելուց: Այնպես որ, գյումրեցիները թող չվիրավորվեն նման հարձակումներից, մեղմ ասած, այլ ընդհակառակը, գիտակցեն, որ իրենք արել են այն, որը ոչ մեկը իրենցից չէր սպասում:

Գուցե դրանով չեզրափակվեն հարձակումները, բայց գյումրեցիները իրենց վերաբերմունքն ունեն նման երևույթների նկատմամբ: Ցավոք սրտի, միշտ էլ կարող են լինել մարդիկ, որոնք ադեկվատ չլինեն իրենց պահվածքով, և դա կապ չունի մասնագիտության հետ, ամեն մասնագիտության մեջ էլ կան խորը ինտելեկտուալներ և պատահական հայտնվածներ այդ ասպարեզում: Ամեն դեպքում կա կարծիք, պետք է լինի հակակարծիք, իսկ գյումրեցին արդեն ապացուցեց, որ ինքը նման հայտարարություններին կարողանում է շատ ադեկվատ պատասխանել»: