Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների վերջին փուլում արդեն իսկ հայտնի դարձավ, որ Նաիրա Զոհրաբյանի «ակտիվության ժամկետը» մոտենում է ավարտին: Ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ խմբակցության քարտուղարի բոցաշունչ ելույթներն արդեն սկսել էին լրջորեն նյարդայնացնել ՀՀԿ-ականներին, որոնք, ըստ երևույթին, զգացել էին դրանց հակադարձելու իրենց անկարողությունը՝ հատկապես բոցաշնչության պահով: Հենց պարբերական ցնցումներն ու սեփական անկարողության գիտակցումն էլ ստիպել էին ՀՀԿ-ականներին՝ Զոհրաբյանին չեզոքացնելու խնդրանքով դիմել բարձրագույն ղեկավարությանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարի դեմ կազմակերպված «օպերացիայի» հաջորդ և վճռորոշ քայլը Բաղրամյան 26-ից՝ ԲՀԿ առաջնորդին իջեցված հորդորն էր՝ զինակցի ավյունը մեղմելու համար:

Սկզբնական շրջանում այս տեղեկատվությունը մի փոքր կասկածելի թվաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբեմնի լրագրողը քաղաքականության մեջ նոր և անշրջահայաց քայլեր ու ելույթներ թույլ տվող ինչ-որ մեկը չէր: Լրագրողական գործունեության իսկ ընթացքում Նաիրան կարողացել էր որոշակի կապեր հաստատել քաղաքական դաշտի ամենատարբեր շրջանակների մեջ և դեռ հարց էր, թե հատկապես ի՞նչ դրդապատճառներից ելնելով՝ որոշվեց Նաիրային գործուղել նոր ստեղծվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, որովհետև նույն հաջողությամբ «Հայկական ժամանակի» քաղաքական մեկնաբանը կարող էր անդամակցել նաև ՀՀԿ-ին՝ հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի հետ վերջինիս սերտ հարաբերություններն ու մտերմության բացառիկ աստիճանը:

Կասկածները, սակայն, ցրվեցին հաջորդող օրերին:

Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն ոչ մի դեպքում ընդդիմություն չի դառնա: Կուսակցության ղեկավարի հայտարարությունը՝ դժվար է ասել, նախապես համաձայնեցվա՞ծ էր կուսակիցների հետ, թե՞ ոչ, այնուամենայնիվ, ԲՀԿ խմբակցության քարտուղարը, երբ լսեց այդ մասին, ակնհայտորեն հանկարծակիի եկավ, իսկ հետո արդեն՝ կատակի տալով վրա բերեց, թե՝ «ոչի՛նչ, ես կմնամ ընդդիմադիր»:

Այդ օրվանից սակայն Զոհրաբյանին բնորոշ ելույթներն այլևս չլսվեցին: Հատկապես ցայտուն էր վերջինիս լռությունն ԱԺ անցած քառօրյայում: Կառավարության ծրագրի քննարկման ողջ ընթացքում բոցաշունչ ելույթներ լսվեցին բոլոր խմբակցություններից, բացի՝ ԲՀԿ-ից:

Ծրագրի ներկայացումից հետո, երբ հերթը հասավ պատգամավորների ելույթներին, Նաիրա Զոհրաբյանն, իհարկե՝ որպես փորձառու քաղաքական գործիչ, ցանկացած կասկած ցրելու համար՝ ի թիվս այլ պատգամավորների, հերթագրվեց: Նույն օրը նաև հայտնեց, որ ԲՀԿ խմբակցության անունից էլ ինքն է ելույթ ունենալու: Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ, ո՛չ երկուշաբթի, ո՛չ երեքշաբթի, ո՛չ էլ չորեքշաբթի Նաիրա Զոհրաբյանի ձայնն այդպես էլ չլսվեց խորհրդարանում. առաջին օրը նրա հերթը պարզապես չհասավ՝ այդ օրվա նիստն ավարտվեց հենց Զոհրաբյանի ելույթից առաջ, իսկ հաջորդ օրը Նաիրա Զոհրաբյան անուն-ազգանունն անհետացավ ելույթ ունեցողների ցուցակից: Իսկ հետո արդեն նույն՝ խիստ պատեհ պատահականությամբ կամ զուգադիպությամբ, Զոհրաբյանը մեկնեց Հայաստանից՝ ԵԽԽՎ նիստի մասնակցելու պատրվակով:

ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկավ այս կուսակցության ամենամեղմաշունչ անդամներից մեկը՝ Ստեփան Մարգարյանը, որի ելույթից՝ ի տարբերություն կառավարության ծրագրի դեմ հիմնական ըմբոստացողների կամ կրծքով պաշտպանողների ելույթների, այդպես էլ որևէ միտք չմնաց որևէ մեկի հիշողության մեջ: Պարզապես արձանագրվեց, որ ԲՀԿ-ն՝ «պտիչկայի» համար դեմ քվեարկեց կառավարության ծրագրին և ամիսներ շարունակ Տիգրան Սարգսյանի դեմ գործունեություն ծավալելուց հետո ամենավճռական «ճակատամարտում» իրեն դրսևորեց որպես անդեմ և ընդամենը կոճակ սեղմող ինչ-որ միավորում:

Չի կարելի բացառել, որ Նաիրա Զոհրաբյանն առաջիկա քառօրյայում՝ դարձյալ կասկածներ ցրելու առաջադրանքից ելնելով, փորձի լրացնել բաց թողնվածը, մի վերջին անգամ ակտիվություն դրսևորի և հիշեցնի իր մասին: Չի կարելի բացառել և այն, որ Զոհրաբյանին մեկուսացնելու օպերացիան հասցվի տրամաբանական ավարտի՝ վերջինիս պատվավոր «աքսոր» ուղարկելով՝ ասենք, նշանակելով Մերձավոր Արևելքում ԲՀԿ ներկայացուցիչ կամ այդ կարգի մեկ այլ պաշտոնի:

Լուսինե Կեսոյան