Ուժեղ հեղեղումների պատճառով Չեխիայի հարավում ստիպված են եղել բացել բոլոր ջրամբարների փականները, որպեսզի նվազեցնեն դրանցում հավաքված և ծայրահեղ մակարդակը գերազանցած ջրերի հսկայական ճնշումը: Դրա հետևանքով ազատություն ստացած ահռելի ջրային զանգվածները սկսել են մեծ արագությամբ հոսել մայրաքաղաք Պրահայի ուղղությամբ:

Քաղաքի միջով հոսող Վլտավայի մակարդակը շարունակում է բարձրանալ և ըստ փորձագետների եզրակացության այսօր առավոտյան արդեն գետի ջրերը կհատեն ծայրահեղ նշագիծը:

Չեխիայում հայտարարվել է արտակարգ դրություն: Այստեղ մարդկանց հետ միասին հեղեղումներն սպառնալիք են դարձել նաև գազանանոցի բնակիչների համար, որոնց նույնպես արդեն տարհանել են: BBC-ն հաղորդում է, որ անվտանգ տեղափոխման համար, նույնիսկ, ստիպված են եղել վագրերին քնեցնել:

Բնական աղետն առաջացել է ուժեղ անձրևների հետևանքով: Մի քանի օրվա ընթացքում կենտրոնական Եվրոպայի մի քանի երկրներում տեղումների ծավալը գերազանցել է 2 ամսվա չափաքանակը:

Այս պահի դրությամբ Չեխիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 7, Ավստրիայում 2 մարդ, իսկ 3 հոգի էլ համարվում են անհայտ կորած:

Գերմանիայի հարավում փրկարարական աշխատանքներ իրականացնողներին և բնակիչներին օգնելու համար շարժման մեջ են դրվել զինվորական լրացուցիչ ստորաբաժանումներ: Բավարիայի Պասսաու քաղաքում ջրի մակարդակը բարձրացել է այնպիսի աստիճանի, ինչպիսին չի դիտարկվել 16-րդ դարից սկսած: Այս բնակավայրի շատ շրջաններ ծածկված են ջրով, բնակչության տարհանումը կատարվում է նավակներով, իսկ որոշ տեղերում իրավիճակն այնպիսին է, որ, ընդհանրապես, անմատչելի են դարձել փրկարարների համար:

Այսօր հեղեղումներից տուժած տարածաշրջաններ կայցելի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Իրավիճակը շատ դրամատիկական է»,- ասել է Պասսաուի ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Հերբերտ Զիլինգերը:

Սաքսոնիայի, Թյուրնգիայի և Բադեն-Վյուրտենբերգի շատ հողեր նույնպես հեղեղումների են ենթարկվել: Լայպցիգի շրջանից տարհանվել է 7000 մարդ, որոնք տեղավորվել են արտակարգ իրավիճակների համար պատրաստված հատուկ կառույցներում:

Հեղեղումների վտանգը մեծ է նաև Սլովակիայում և Հունգարիայում, որտեղ հնարավոր է, որ իր ափերից դուրս հորդա արդեն մակարդակի զգալի բարձրացման նշաններ ցույց տվող Դանուբ գետը: Այդ մասին հաղորդում է BBC-ն: