ԳԱԼԱ. Այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում խաղային ապարատների տերերը, ովքեր դժգոհում էին, որ, համաձայն նոր օրենքի, իրենք պետք է վճարեն 5 միլիոն դրամ հարկ, ինչը ապարատների տերերը է վիճակի չեն վճարել:

Գյումրեցի Հովսեփ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ժամանակին իրենք հարկայինին վճարում էին ամսական 4000 -8000 դրամ, իսկ հիմա տարեկան 5 միլիոն են պահանջում վճարել:

«Եթե մենք այդքան վճարենք, դա հավասար է, որ մենք կազինո ենք բացել: Մենք ի վիճակի չենք այդքան մուծել: Ամեն օր մեր եկամուտը կազմում էր 3000-7000: Մեզ խոստացել էին, որ պատասխանը կասեն տասը աշխատանքային օրվա ընթացքում, բայց արդեն 14 օր է անցել, մենք դեռ պատասխան չենք ստացել: Մեր պահանջն է, որ թույլ տան մինչև տարեվերջ աշխատենք, մենք ապարատների գումարը հանենք, հետո երևի էլ չենք աշխատի, կամ գոնե հարկերը քչացնեն, որ կարողանանք աշխատել, հինգ միլիոնը դա աբսուրդ թիվ, է դա ոչ մեկ էլ չի կարող վճարել»,- ասել է Հովսեփ Հակոբյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ ապարատների արժեքը 1300-5000 դոլար է, և շատերը դեռ այդ ապարատների գումարն էլ չեն աշխատել, մարդիկ կան, ովքեր մի ամիս առաջ են դրել, շատերը վարկով են վերցրել դրանք և հիմա կանգնել են փաստի առաջ:

Մեկ ուրիշն էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասել է, որ ապարատի արտոնագրերը իրենք վերցրել են, բայց իրենց չէին զգուշացրել, որ չեն կարող ծխախոտ լցնել մեջը, բայց իրենք արդեն վճարել են դրա համար և հիմա կկորի նաև արտոնագրի համար վճարած գումարը:

Ապարատի տերն ասել է, որ ինչքան ձգձգվի այս վիճակը, այնքան իրենց վիճակը վատանալու է: Նշենք, որ խաղային ապարատների մի քանի տերերի ոստիկանները ուղեկցեցին նախագահական նստավայր, որտեղ նրանց ընդունել էին և ասել, որ հուլիսի մեկին ՀՀ ֆինանսների նախարարությունից իրենք կստանան իրենց հարցի պատասխանը:

Հուլիսի մեկին խաղային ապարատների տերերը կհավաքվեն ՀՀ կառավարության շենքի դիմաց, որպեսզի ստանան իրենց հուզող հարցի պատասխանը և ըստ այդմ էլ որոշեն իրենց հետագա անելիքները:

Լիլիթ Թադևոսյան