Այսուհետ դպրոցներում կթույլատրվեն միայն կրթության եւ գիտության նախարարության կողմից երաշխավորված աշխատանքային տետրերն ու գրքերը: Այս մասին տեղեկացրեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը լոռեցի տնօրենների հետ ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ:

www.asparez.am  «Ծանր պրոբլեմ է անհրաժեշտ ուսումնադիտակտիկ նյութերի հարցը: Բաներ կան, որ եւ՛ ուսուցչին է ձեռնտու, եւ՛ աշակերտին, եւ՛ դպրոցին, եւ՛ ծնողի գործն էլ է հեշտանում: Բաներ էլ կան, որ հարկադրաբար, ավելորդ է, բերում են, իզուր տեղը ներմուծում դպրոց: Հասկանալի է, մենք շուկայական աշխարհում ենք ապրում, բիզնեսի դարում ենք ապրում, ամեն մարդ ուզում է, որ իր բիզնեսը ծաղկի: Դրա համար նախարարության կողմից այդ հարցն այս տարի շատ խիստ կարգավորվում է հետեւյալ ձեւով. միայն նախարարության կողմից երաշխավորված ուսումնադիտակտիկ նյութերը կարող են օգտագործվել դպրոցներում: Տետրեր լինեն, թե դասագրքեր, վրան անպայման պետք է գրված լինի. երաշխավորված է նախարարության կողմից»,- տեղեկացրեց փոխնախարարը:

Դպրոցներում տեղի ունեցող դրամահավաքների մասին փոխնախարարի տեսակետն այսպիսին էր. «Տարբեր տեսակի ուսումնական ձեռնարկների ու միջոցառումների համար փողեր հավաքելը, իհարկե, շատ ցավալի հարց է, բայց մյուս կողմից էլ' մենք մի ծայրահեղությունից ընկնում ենք մի այլ ծայրահեղության մեջ: Օրինակ, ես չեմ կարծում, թե դպրոցը չպետք է նույնիսկ ինչ-որ տեղ հարկադրի ծնողներին, որ նրանք գումար հատկացնեն երեխայի գեղագիտական դաստիարակության համար»,- կարծիք հայտնեց Մ. Մկրտչյանը:

Նրա դիտարկմամբ, «ծնողը կամ հասարակությունը ոչ միշտ են գնահատում, որ երեխան պետք է պարբերաբար թատրոն, կինո, օպերա գնա, չնայած սնիկերսի համար միշտ փող ճարում է»:

«Պետք է կազմակերպել դաստիարակչական միջոցառումներ եւ երբ դա անձնական նպատակով չի արվում, չվախենալ առաջարկել, որ նաեւ ծնողները ներդրումներ ունենան,- ասում է փոխնախարարը, ընդունելով հանդերձ, որ ամեն դեպքում միանշանակ չի կարելի ասել, թե դպրոցներում դրամաշորթություն, կոռուպցիա չկա, «եւ շատ տնօրեններ, ուսուցիչներ առիթից օգտվում են ու բոլորովին այլ հարցեր են լուծում»:

Գայանե Սարգսյան