Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, գործարար Փայլակ Հայրապետյանը նոր հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն Ամերիա բանկի դեմ: Ի՞նչ ընթացքում է գործը, և ի՞նչ է ասել հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, երբ զանգահարել է Փայլակ Հայրապետյանին: Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի լրագրողի հարցազրույցը գործարարի հետ ամբողջությամբ:

-Պարոն Հայրապետյան, ի՞նչ պահանջով եք դիմել դատախազություն և ի՞նչ եք պահանջում բանկից:

-Այն պահանջով, որ իմ ունեցվածքը բոլորը վերցրել է Ամերիա բանկը և իր պարտականությունները չի կատարել ճիշտ և գումարները փոխանցել է Կիպրոսում Աշոտ Սուքիասյանին պատկանող օֆշոր գոտիում: Այնտեղից բերել են, ստեղից դուրս են հանել բանկից, օգտագործել են գումարները ուրիշ բանի համար: Չի օգտագործվել բիզնես ծրագրին համապատասխան՝ ոչ մի կոպեկ:

-Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, օֆշորային սկանդալի մեջ մեղադրվում նաև վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱՀԹ առաջնորդ Նավասարդ Կճոյանը:

-Ես չգիտեմ, դա հայտնաբերել են լրագրողները: Ես չէի կարող իմանալ՝ վարչապետը կամ մյուսը ինչ կապ ունեն: Ես գիտեմ, որ օֆշորում են փոխանցել, այդքան բան գիտեմ:

-Դուք Ձեր գումարները չե՞ք փոխանցել ոչ վարչապետին և ոչ էլ Ն. Կճոյանին:

-Ոչ: Ես գումար որտեղից պիտի փոխանցեի, ես գումար ունեի՞, որ փոխանցեի: Ես իմ ունեցածը դրել էի, որպեսզի ՀՀ-ում 10 հազար բանվոր աշխատեր, դրա համար էի ես դրել այդ գումարները: Չէի դրել ոչ վարչապետին, ոչ էլ Կճոյանին, ոչ էլ Աշոտին, ոչ էլ ինձ համար:

-Գործն ընթացքի մե՞ջ է, հարցաքննություններ կատարվո՞ւմ են:

-Հարցաքննել են, հիմա շատ լավ ընթացքը գնում է:

-Ձեզ զանգահարել է Աշոտ Սուքիասյանը, ի՞նչ է նա ասել:

-Սրանից մեկ ու կես ամիս առաջ այդ Սուքիասյան Աշոտ է, ինչ զահրումար է, ինձ զանգեց, թե՝ ես կուզենամ, որ հետագայում բան աշխատեմ փակեմ: Ես էլ ասացի՝ աշխատի փակվի, ես քեզ խանգարո՞ւմ եմ: Որտե՞ղ ես, աշխատի բեր գումարները փակվի, իմ ունեցածը բեր տուր ինձ:

-Ինչքա՞ն գումարի մասին է խոսքը:

-Իմ ունեցածը մոտավորապես գնահատել են 33 միլիոն, դա ճիշտ գնահատական չէ, դա մի 70 միլիոն դոլարի ունեցվածք է: Հիմա իրա գնահատած կոպեկներով բանկը վերցնում է: Այն ժամանակ, որ ես դրել էի Հանրապետության 23 կազմակերպության համար, փաստորեն բիզնեսը չի կայացել և երևի չի էլ կայանալու, որովհետև ապրանքը չի եկել: Ես ընդամենը իմ ունեցածը դրել եմ նախարարության շենքում, նախկինում վարչապետի մոտ այդ ծրագրերը

կային, և 2008 թվականի ՀՀ առաջնային ծրագրերից մեկը Հայաստանում ոսկու, ադամանդի գործը զարգացնել, և այս հիմքի վրա հավաքել էին նախարարությունում խորհրդակցություն: Ես դրանցից ոչ մեկին չէի ճանաչում, մի մարդու եմ ճանաչել՝ էմիլին: Հրավիրել էին, 23 մարդ կար նստած, ասում էին, թե այսպես մեծ ծրագրեր ունենք, սա ենք անելու և այլն: Բոլորն ուրախացան: Նախարարը թե՝ գիտեք, Ռուսաստանը մեզ 500 միլիոնի վարկ է տվել, որից 100 միլիոնը ադամանդի հումքի տեսքով: Հետո նախարարը ձայնը տվեց ոմն Աշոտին, որին ես բոլորովին չեմ ճանաչել, ելույթ ունեցավ, ասեց՝ ընկերներ, ես ունեմ ոսկու, ադամանդի հանքեր, և կբերեմ ավելի բարձր որակի ապրանք: Բոլորը համաձայնեցին, ասեցին՝ դե նմուշը բեր, տեսնենք ոնց է: Ասեց՝ 20 օրից նմուշը կբերեմ: Բերեց, բոլորը տեսան, որ բարձր որակի ապրանք է: Համաձայնվեցի, հետո գնացինք բանկ, որպեսզի գումար վերցնենք, որ Աշոտ Սուքիասյանը հումք բերի:

-10 հազար աշխատատեղ ստեղծելու Ձեր առաջարկությունը փաստորեն փոշիացավ:

-Փաստորեն ես ասացի ու ընկա կրակը: Սկզբում բոլորը ուրախացան, եկան համբուրեցին: Ես էլ շահագրգռված էի, որ ունենայի դա և մեր ձեռնարկությունն էլ աշխատեր: Եվ ես իմ ունեցածը դրեցի, թե 3 ու կես ամիս հետո կսկսենք ներկրել ապրանքները: Մինչ այդ 3.5 ամիսը լրանալը ես մի քանի անգամ գնացել եմ Աշոտենց տուն:

-Դուք նշել էիք, որ Աշոտ Սուքիասյանի տանը հանդիպել եք ինչպես Տիգրան Սարգսյանին, այնպես էլ Նավասարդ Կճոյանին: Նրանք Ձեզ ինչ-որ բաներ ասո՞ւմ էին:

-Կճոյանի հետ բազմիցս զրույցներ ունեցել եմ: Ինքն էլ ասում էր՝ լավ է լինելու, ամեն ինչը շատ լավ կլինի, դու մեծ գործ ես անում մեր հայրենիքի համար և այլն:

-Իսկ ի՞նչ արեցիք, երբ լրացավ այդ երեք ու կես ամիսը:

-Երբ լրացավ, ես մոտեցա, թե՝ Աշոտ, ե՞րբ պիտի լինի, իսկ փողերն արդեն ստացել պրծել էր: Ասում էր, թե՝ հեսա Հայրապետյան ջան, այ հեր ջան, շուտով ամեն ինչ լավ է լինելու: Անցան ամիսները, վերջը հասանք նրան, որ ոչ ապրանքը եկավ ու մի օր հիմնարկում նստած եմ, միլիցիայով մտել են խանութը, բոլորին դուրս են հանել և խանութը «գրավեցին»: Գնում եմ ասում եմ՝ Աշոտ, այս ի՞նչ է կատարվում, ե՞րբ պիտի մուծումները կատարես և ե՞րբ ապրանքը պիտի գա, որ մենք աշխատենք, որ այսպիսի բաներ չլինի: Ասեց, թե հեսա ամեն ինչ լավ կլինի, բայց մյուս շենքը վերցրեցին: Ես դիմում գրեցի ոստիկանություն, ինձ կանչեցին հարցաքննության 6-րդ վարչությունում:

-Պարոն Հայրապետյան, ի՞նչ սպասելիքներ ունեք, կհայտնաբերվի՞ արդյոք Աշոտ Սուքիասյանը:

-Ինձ թվում է կհայտնաբերվի, բայց դա ինձ ինչ կտա՝ չեմ կարող ասել:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի