Tert.am Քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ նախաձեռնել են ՀՀ անկախության օրը մայրաքաղաքում անկախության համազգային երթ իրականացնել, որը կլինի անկախ և ապակենտրոն, կուսակցականացված չի լինի և կհամախմբի հասարակության բոլոր շերտերին:

 

Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ակտիվիստ Կարեն Թովմասյանը՝ ասելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը բոլորի համար անսպասելի էր, և այս պայմաններում վտանգված է երկրի ինքնիշխանությունը:

 

«Սերժ Սարգսյանը և ՀՀ իշխանությունները մի օր մի բան են ասում, մյուս օրն՝ ուրիշ: ՀՀ իշխանությունները, որոնք չեն ընտրվել ժողովրդի կողմից, գործում են ինքնագլուխ: Չընտրված նախագահը հարկ չի համարում ժողովրդին օր առաջ տեղյակ պահել, թե վաղն ինչ է լինելու երկրի ու ժողովրդի հետ»,- ասաց նա:

 

Վերջինիս խոսքով՝ երթը լինելու է համախմբող, և իրենք կոչ են անում սեպտեմբերի 21-ին, ժամը 16-ին դուրս գալ փողոց և վերահաստատել անկախ երկրում ապրելու 22 տարի առաջ ընտրած որոշումը: Երթը կսկսի նշված ժամին Ազատության հրապարակից:

 

«Երկրի սոցիալական վիճակը մեծապես կախված է անկախությունից, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այս երկրի տերն ենք, և միայն մենք կարող ենք որոշել, թե ինչպես ենք ուզում ապրել և ում հետ: Մենք նույնիսկ անկախությունն ունեք թղթի վրա գրված, բայց դա իրականությունը չէ»,- ասաց ակտիվիստ Կարեն Հարությունյանը։

 

Երթի նախաձեռնողներից Արմեն Հովհաննիսյանն էլ ասաց, որ հիմնական գաղափարը ՄՄ-ին դեմ գնալն է: «Այն պահից, երբ ցանկացած մարդ, հատկապես եթե դա երկրի նախագահն է, հայտարարեր, որ ՀՀ-ն չպետք է ինքնիշխան լինի, այդ իշխանությունն ապօրինի կլիներ: Այսօր այդ վիճակն է, և հասարակության այն հատվածին, որն իրեն համարում է ազգային մաս, կոչ եմ անում ցույց տալ անկախ լինելու պատրաստակամությունը, թեկուզ այս ձևով՝ մասնակցել երթին»,- ասաց նա:

 

Ասուլիսին ներկա ակտիվիստ Մարինե Պետրոսյանը խոսքն ուղղելով նախագահին՝ ասաց. «Սերժ Սարգսյանը կորցրեց հենարանները, և Հայաստանը հայտնվեց վատ վիճակում»:

 

Ըստ նրա՝ ՄՄ-ի հարցում շահարկվում է Ղարաբաղի հարցը, բայց փաստորեն այդ ճնշումների պայմաններում Ղարաբաղի վիճակն ավելի է վատանում: «Մարդը, որը նստած է Բաղրամյան 26-ում, խախտել է Սահմանադրությունը»: