Lragir.am Հայաստանին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մերժող Արեւմուտքը վերջին օրերին մի քանի հայտարարություններ է արել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունը շարունակելու պատրաստակամության մասին: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն է հայտարարել, որ ԱՄՆ շարունակելու է աջակցությունը Հայաստանի ներքին բարեփոխումներին, ԱՄՆ պետքարտուղար Քերին է տնտեսական հարաբերությունը խորացնելու մասին հայտարարել Անկախության տոնի առիթով իր շնորհավորական ուղերձում:

 

Քաղաքական դժգոհությանն ու նախատինքին զուգահեռ, Եվրոպան փաստացի հայտնում է տնտեսական քայլերի շարունակականության պատրաստակամություն: Բայց, պետք է նկատել, որ Հայաստանի ու Արեւմուտքի տնտեսական գործակցությունն իրականացվում է հստակորեն կառավարվող եւ սահմանվող ֆինանսական օժանդակության՝ վարկերի ու դրամաշնորհների տեսքով: Մինչդեռ այդ գործակցությունը վաղուց ունի ներդրումային գերակշռության կարիք, արդյունավետության բովանդակային փոփոխության համար, ինչն էլ իր հերթին կբերի արդեն բազմաթիվ այլ հեռանկարային արդյունքների:

 

Պատրա՞ստ է արդյոք Արեւմուտքը Հայաստանի հետ տնտեսական հարաբերության մեջ տեսակարար կշռի այդ վերանայման: Այստեղ իրավիճակը երկկողմանի ռիսկերի գերին է: Եվրոպան չի ուզում ռիսկի դիմել ներդրումներով, եթե Հայաստանը չունի Ռուսաստանի գերազդեցությունից դուրս գալու քաղաքական կամք, իսկ Հայաստանի իշխանությունն էլ չի ուզում ռիսկի դիմել եւ հայտնվել Ռուսաստանի հարվածի տակ, քանի դեռ համարժեք եւ շոշափելի պաշտպանություն չի տեսել Եվրոպայում:

 

Այս երկուստեք ռիսկերի վիճակն էր, որ իրադրությունը քաղաքական իմաստով բերեց փակուղի: Հայաստանի իշխանությունը փակուղուց դուրս գալու կամք կամ երեւակայություն չունի: Դա ակնհայտ է: Փակուղուց իրավիճակը պետք է դուրս բերի Արեւմուտքը: Տնտեսական հավաստիացումներն այդ պատասխանատվության գիտակցման եւ պատրաստակամության վկայություն են: Բայց, դրանք արդյունավետ չեն լինի, եթե ներդրումային բաղադրիչի ավելացման շնորհիվ Հայաստանում չձեւավորվի այսպես ասած այլընտրանքային տնտեսական համակարգ:

 

Հայաստանը փոխել հնարավոր է այդպես: Արեւմուտքը քայլ առ քայլ գնում էր դրան, բայց այժմ ակնհայտ է, որ պետք է գնալ առավել արագ տեմպով: Սեպտեմբերի 3-ն ըստ երեւույթին այդ հարցում վերջնականապես «համոզել» է Արեւմուտքին, եւ ներկայիս տնտեսական հավաստիացումներն ըստ ամենայնի այդ համոզմունքի արդյունքն են:
Այսինքն, Հայաստանում կգործի երկու համակարգ՝ քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգը, եւ տնտեսական նոր համակարգը, որ կարող է ձեւավորվել Արեւմուտքի ներդրումների շնորհիվ: Իհարկե, զուտ ֆիզիկական իմաստով այդ երկու համակարգերը չեն կարող իրար հետ բացարձակ չհարաբերվել, թեեւ, ընդհանուր առմամբ, խոսքը նաեւ այլ բնույթի տնտեսության մասին է, որի առանցքում սպեկուլյատիվ փողերով կատարվող շինարարությունը կամ հակաբնապահպանական տարբերակներով անխնա փորվող հանքերը չեն, այլ նոր տեխնոլոգիաները եւ բիզնես-կրեատիվը:
Սակայն այստեղ ուժերը կլինեն անհավասար, քանի որ քրեաօլիգարխիկ տնտեսությունը պաշտպանված կլինի սեփական պետական կառավարման համակարգով՝ խորհրդարան, կառավարություն եւ ՏԻՄ մարմիններ, իսկ ապագայում արդեն նաեւ Մաքսային միության տեղական կառույց՝ որն ընդհանրապես սպառնում է վերածվել Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի ինստիտուտի: Այսինքն, այլընտրանքային տնտեսական համակարգի ձեւավորումը Արեւմուտքին թերեւս անխուսափելիորեն կհանգեցնի պետական կառավարման մակարդակում այդ համակարգին աջակցություն ապահովելու մտքին՝ ընդ որում ոչ թե անհատների, այլ հենց համակարգային աջակցություն:
Ա

 

յսինքն, ժամանակի ընթացքում Արեւմուտքի համար կարող է առաջանալ Հայաստանում երկրորդ՝ այլընտրանքային կառավարման համակարգի, այլընտրանքային իշխանության անհրաժեշտություն:
Հայաստանի քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան հասնել այդ մոդելի սեփական ստեղծագործությանը, թեեւ վերջին մի քանի տարիներին մի քանի անգամ բավական մոտ են եղել դրան՝ Հայաստանում ձեւավորել այլընտրանքային իշխանություն: Իրականում նրանք մնացին միեւնույն համակարգի մեջ՝ համերաշխորեն գնալով Մաքսային միություն եւ նեղսրտելով միայն, որ այդ շարքի առաջինը Սերժ Սարգսյանն էր, ոչ թե իրենք:
Այժմ այլընտրանքային իշխանության ձեւավորումը կստանձնի Արեւմուտքը:

 

Եթե լինի երկու իշխանություն, ապա կառաջանա մրցակցություն: Իսկ մրցակցությունն արդեն իսկ լավ է հասարակության համար: Չի բացառվում, որ նույնիսկ ընտրություն էլ առաջանա՝ երկու իշխանությունները կպայքարեն հասարակության վստահության համար: 

 

 

 

 

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ