Aravot.am Մի քանի շաբաթ առաջ «Դալմա մոլ» առեւտրի կենտրոնում բացվել է «Գուրման» սուպերմարքեթը: Չնայած, որ իր չափսերով «Գուրման»-ը հսկայական է, բայց այն նոր սուպերմարքեթների ցանց չէ եւ մայրաքաղաքի որեւէ այլ կետում նման ապրանքանիշով սուպերմարքեթ չկա:

Առաջին հայացքից սպառողը չի հասկանում, որ առեւտուր է անում նույն «Երեւան սիթիից»' չնայած, որ ապրանքների տեսականին ոչնչով չի տարբերվում սիթիի ապրանքներից, եւ միայն դրամարկղի մոտ վաճառողի' «Երեւան սիթիի» բոնուս քարտ ունե՞ք» հարցից է պարզ լինում, որ «Carrefour»-ին, այնուամենայնիվ, փոխարինեց «Երեւան սիթին»:

Թե ինչու է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին իրականում պատկանում է «Երեւան սիթի» սուպերմարքեթների ցանցը, հրաժարվել սպառողներին արդեն հայտնի իր ապրանքանիշից ու ընտրել «Գուրման» անունը, թերեւս հասկանալի է. դեռ մեկ տարի առաջ «Դալմա մոլ»-ում փակցված էր «Carrefour» հիպերմարքետների ցանցի գովազդը, ըստ որի «Carrefour»-ը մտադիր էր «Դալմա մոլում» առեւտրային կենտրոն բացել, սակայն, որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ «Carrefour»-ի մուտքը մեր երկիր խոչընդոտվել է եւ արդյունքում' «Carrefour»-ի փոխարեն այսօր բացվեց' «Գուրմանը»:

Եվ որպեսզի բազմաթիվ սպառողներ, որոնք անհամբերությամբ սպասում էին «Carrefour»-ին, քանի որ ծանոթ էին ֆրանսիական հայտնի «Carrefour» հիպերմարքետների ցանցի ապրանքատեսակներին, չբոյկոտեն ԱԺ պատգամավորից առեւտուր անելը, մարքեթինգի հնարք են գործադրել եւ սպառողին ներկայացել նոր' աչք շոյող ապրանքանիշով: «Carrefour» հիպերմարքետների ցանցն, ամբողջ աշխարհում իր տեսակի մեջ հայտѶի է որպես այդ ոլորտում երկրորդ խոշոր ցանցը: Ֆրանսիական ընկերության մատուցած ապրանքները մի քանի անգամ էժան են, որակյալ եւ տարատեսակ:

Ընդ որում, այս ապրանքանիշը մեր երկիր բերելու համար բանակցությունները տարվել էին ոչ թե 2 տնտեսվարողների՝ «Դալմա մոլի» եւ «Carrefour»-ի պատասխանատուների միջեւ, այլ պետական մակարդակով: Բանակցությունները վարել էր անձամբ ՀՀ տարածքային նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ինչը հաջողությամբ էր ավարտվել' «Carrefour»-ը տվել էր Հայաստանում բիզնես ծավալելու իր համաձայնությունը: Ի դեպ խոսք էր գնում մեր երկրում մոտավորապես 52 միլիոն դոլար ներդրման մասին: