22 տարի առաջ այս օրը...ևս մեկ զոհ: Եվս մեկ հայորդի ընկավ: Թալինի ծնունդ էր նա, սակայն նրա հայրենիքն Արցախն էր: Հայրենիքն այնտեղ է, ուր կռիվ կա, ուր կա վտանգ հայությանը: Հայրենիքն Արցախ էր, Սասունը, Երևանը, Վասպուրականը, Զանգեզուրն ու Տարոնը:
Կարմրաշենի ծնունդ էր Արշավիրը, չորս մանուկների հայր:

 

22 տարի առաջ հոկտեմբերի 11-ին չորս մանուկներ որբացան:

 

Որբացան, որովհետև նրանց հայրը չէր սպասում մինչև թշնամին հասնի Թալին, Կարմրաշեն: Չէր կարող սպասել. թողեց Արկադիին, Մարիին, Սոնային և Անիին, քանի որ կարաչինարցի մանուկները նրան էին ապավինել, կարոտ էին նրա բազկի զորությանը:

 

Արշավիրը օրագիր ուներ՝ զինվորի օրագիր. կռիվ, կարոտ, դժվար կյանք, անզիջում ոգի: Հոկտեմբերին 9-ին գրել է. «Ազերիները գնդակոծում են անվերջ: Երեք օր է՝ սկսվել է խաղողաքաղը….»: Հոկտեմբերի 11-ը սպիտակ էջ մնաց. Սպիտակ, անավարտ էջ, որ լրացնում ենք մենք՝ ապրողներս: Եվ պիտի լրացնենք, քանի որ այս է պատգամը նահատակների:
Այս է պարտքը ապրողներիս:

 

Սեպտեմբերի 16

 

Մենք հերթապահում էինք: Ժամը 13.45-ին սկսվեց հատուկենտ կրակոցներ Մանասաշեն գյուղի կողմը: Դիտելուց (հեռադիտակով) պարզվեց, որ մեր տղաները դիրք էին փորում սարում ամրանալու համար: Դա նկատվել էր թուրքերի կողմից և կրակ էին բացել մեր տղաների վրա: Մեր տղաներին պահելու համար կրակ բացեցին թե՛ մեր խումբը և թե՛ մյուս ջոկատները: Սկսվեց ուժեղ մարտ ավտոմատներով և գնդացիրներով: Վառվեց լիովին 3 տուն թշնամուց և իմ կարծիքով կար վիրավոր կամ զոհված, որովհետև Շեֆեկ գյուղից դուրս եկավ շտապ օգնության մեքենան:

 

Մեր կողմից վնասներ չեղան: Կռիվը շարունակվեց մինչև 20.30-ի սահմանները:

 

Սեպտեմբերի 17

 

7.25-ին թուրքերի կողմից սկսվեց հրանոթային համազարկ գյուղերին և դիրքերին: Վնասվեց 2 տուն, զոհվածներ չկան: Եվաղ մեկ թեթև վիրավոր: Մեր կողմից նույնպես մի որոշ ժամանակ անց սկսվեց համազարկը և սկսեցին գործել միայն հրանոթները թե՛ մեր և թե՛ թուրքերի կողմից: Վնասվեց և վառվեց հակառակորդի 4 տուն, իսկ մեր կողմում այնպես էլ մնաց նույն 2 տունը: Դադարը տեղի ունեցավ ժամը 12-ի մոտերքում: 14՚.55-ին նորից սկսվեց հրանոթային կրակ թուրքերի կողմից ավելի ուժգին:

 

15.05-ին մեր կողմից կրակեցին հրանոթները, և նորից շարունակվեց հրանոթային կռվը: Ուրիշ ոչ մի զենք չէր օգտագործվում: Նրանց կողմից հատուկենտ կրակում էին գնդացիրը:

 

Երկու կողմից էլ օգտագործվում էին նաև «Ալազաններ»: Հրանոթային կրակը շարունակվեց մինչև ժամը 21-ի մոտերքը: Այդ ընթացքում եղան ևս 4 թեթև վիրավորներ ձեռքից, ոտքին և ականջից: Մահացավ Ղարաչինարից 1 մարդ. վիրավորներից մեկը ծանր է:

 

Սեպտեմբերի 21

 

Օրն անցավ խաղաղ: Հինգ օրվա կռվի ընթացքում մեր կողմից վնասները հետևյալն է. 1 մահացած, 7-8 թեթև վիրավոր, մեկ ծանր վիրավոր և մոտ 70-80 տուն վնասվել են: Դպրոցներում դեռ դաս չի լինում: Երեխաներին և կանանց մի մասին տեղափոխել են շրջկենտրոն և Գույլստան: Ոչ մի տեսակի բերք դեռ չի հավաքվել, իսկ աշնանացանը չի կատարվում, պատճառաբանությունը վառելանյութն է: Բայց ժողովրդի մեծամասնությունը բողոքում է բենզինիև սայլարկայի անօրինական յուրացման մասին: Ծխախոտ խանութներում չկա, բայց գյուղերում մասնավոր վաճառվում է:

 

Դեռ նոր էինք մտել դիրքերը, ժամը 10.30-ին թուրքերը սկսեցին ուժեղ գնդացիրի կրակը և դրանով սկսվեց նրանց հարձակումը:Ասեմ, որ նախորդ օրը նրանք մեծ քանակությմբ ուժեր էին կենտրոնացրել Շեֆեկ գյուղում…Եվ սկսվեց նրանց հարձակումը, Շեֆեկի միջից աշխատում էր նրանց գնդացիրները դեպի մեր խմբի դիրքերը: Դրանից անցավ մոտ 2-2.5 ժամ. թուրքերի կողմից սկսվեց քարշակի և բետեերների շարժերը: Այդ ժամանակ մեր խմբապետը, 16-ը և երկու ղարաբաղցի տղա գնացել էին հետախուզության: Ես և Խաժակը զգուշացրեցինք, որ այդ զրհամեքենան շարժվում է դեպի մեր դիրքերը, բայց մի քանիսը բացառում էին այդ կողմից զրահամեքենայի մուտքը: Չանցած 30 րոպե, զրահամեքենան դուրս եկավ մեզանից մոտավորապես 100մ հեռավորության վրա գտնվող ձորից և շարժվեց մեր դիրքերի վրա՝ իր հետևից բերելով օմոնականների հետևակը: Այստեղ իր մեծ ազդեցությունը թողեց մեր խմբապետի բացակայությունը, որին լսում էին բոլորը: Դիրքերում սկսվեց խուճապը:

 

Դիրքերը լքեցին վաշտի տղաները, բացի մեկից՝ Աբրահամ անունով (Ապարանից) և մեր խմբի 8 տղաներ, բացառությամբ խմբապետի և 16-ի, որոնք, ասեցի, որ հետախուզության էին: Մեր տղաներն էլ, տեսնելով, որ ոչ մի հակատանկային զենք չկա մոտները, կամաց-կամաց հետ նահանջեցին, բայց չհասցրեցին հետ քաշվել միասին, կտրվեցին, մի մասը՝ Խաժակը, Միլիտոնը և Աբրահամը մնացին դիրքերից ներքև՝ զրահամեքենայից ներքև, իսկ մեր խմբի տղաներից ես, Գևորգը և Արծիվը՝ վերև: Զրահամեքենան եկավ անցավ դիրքերի վրայով: Աբրահամը մնաց զրահամեքենայի տակ, դիրքերի մեջ, իսկ Խաժակը դարձավ և կրակ բացեց հետևակի վրա: Իմ բազմաթիվ կանչերը և պահանջը, որ բոլորը դառնան, դիրք բռնեն, ոչ մեկը չլսեց: Ես, Գևորգը և Արծիվը բարձրացանք զրահամեքենային առաջ, գոմի մոտ և կրակ բացեցինք հետևակի կողմ: Հենց այդ ժամանակ էր, որ վրա հասավ մեր խմբապետը տղաների հետ և կարգավորեց ամեն ինչ: Նա պահանջում էր միայն «Մուխան», որը վաշտի տղաները վերցրել և հեռացել էին գյուղի մոտակայքը: Միայն դրանից հետո կամաց-կամաց դիրք վերադարձան մյուս տղաները, և սկսվեց կռիվը հետևակի հետ, որոնք փորձում էին մոտենալ մեր դիրքին: Դա նրանց չհաջողվեց, քանի որ տղաները արդեն հույս էին ստացել մեր խմբապետից: Օմոնականները մեր տեսածով կորցրեցին այդտեղ 3-ին: Չանցած 30-40 րոպե , հետևեց զրահամեքենայի 2-րդ հարձակումը, բայց այս անգամ զգալով, որ ամուր կանգնած են և խփում են «Մուխաներով», հետ քաշվեց՝ վերցնելով իրենց վիրավորներին և խփվածներին: Զրահամեքենայի վրա հեռվից գործում էին Վարդանի տղաների ալազանները (Մանասաշենից): Դրանից հետո զրահամեքենան և հետևակը հետ քաշվեցին իրենց գյուղ, և այնտեղից սկսվեց գնդացիրների կրակը մեր դիրքերի վրա: Մեր տղաների կողմից եղավ պատասխան կրակահերթ: Այդ ժամանակ միայն նոր մեր վերևում բերեցին, տեղադրեցին հրանոթը և ուղարկեցին մեկ հատ հակատանկային նռնակ և «գրանատամիոտը», որոնք այդպես էլ մինչև կռվի վերջ մեզ պետք չեկան, քանի որ զրահամեքենան այլևս չբարձրացավ դեպի մեր դիրքերը:

 

Հոկտեմբերի 2

 

Առավոտյան խաղաղ էր: Կեսօրվա մոտերքում նորից կռիվը թեժացավ. թուրքերը մի քիչ հետ քաշեցին իրենց հրանոթները և արդեն խփում էին մեր դիրքերին: Թեթև վիրավորվեց 1 էջմիածնեցի և 1 տեղացի: Մեր կողմից ուղարկված թե՛ հրանոթի արկերը և թե՛ «ալազանները» հասնում էին իրենց նպատակին: Կռիվն այսօր, համեմատած նախորդ օրվա, այնքան էլ լավ չէր:

 

Հոկտեմբերի 6

 

Թուրքերը կարծես փոխել էին իրենց տակտիկան. Ցերեկները հատուկենտ կրակոցները, իսկ գիշերը սկսում են կրակել հրանոթներից:

 

Հոկտեմբերի 9

 

Ցերեկը նույնն էր: Մեկընդմեջ լռությունը խախտում էին նրան գնդացիրի կրակոցները: Երեկոյան կողմ մի քանի անգամ խփեցին թուրքերի հրանոթները, որին եղավ մեր երկու համազարկի պատասխան: Գիշերն անցավ նույն գնդացիրի կրակոցներով:
Նշեմ, որ արդեն 2-3 օր է սկսել է խաղողաքաղը. Ամեն մեկին իր համար 1-2 տոննա հավաքում է և վերջ: Նոր հրամանատար է նշանակվել Հայաստանից:

 

Հոկտեմբերի 10

 

Օրն անցավ համետական խաղաղ, քանի որ այդ օրը հրանոթները չաշխատեցին, գործեցին միայն գնադացիրներ և մեկ-մեկ էլ օմոնականները դիմում էին իրենց БТР-ի վրայի КЛВД-ին:

 

Հոկտեմբերի 11
...

 

Այսօր Արշավիրի շիրմին կծխա անուշաբույր խունկը, գեղեցիկ աչուկներով ժպտան նրա թոռները, որոնք այդպես էլ չտեսան իրենց պապին...

 

 

Անահիտ Մնացականյան