Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին: Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականներին Հայաստանում, շնորհակալություն հայտնել ՀՀ ԳԱԱ հիմնադրման հոբելյանական միջոցառումներին նրանց մասնակցության համար:

 

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 70-ամյա փառավոր ուղի անցած Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ մեր գիտնականներն իրենց մեծ ներդրումն են ունեցել գիտության և Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

 

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ԳԱԱ գիտնականները նույնպիսի նվիրումով կշարունակեն իրենց կարևորագույն աշխատանքը՝ տարեցտարի ակադեմիայի գիտնականների շարքերը համալրելով երիտասարդներով, առանց որոնց, Նախագահի համոզմամբ, գիտության զարգացումը հեռանկար ունենալ չի կարող: Ակադեմիայի առկա ձեռքբերումները Հանրապետության Նախագահը պայմանավորել է նաև միջազգային ակտիվ համագործակցությամբ:

 

Նրա խոսքով, ցանկացած երկրի համար դժվար է պատկերացնել արդի պահանջներին համապատասխան գիտության զարգացումն առանց այդ փոխգործակցության: Նախագահը կարևորել է ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային ծրագրերի և տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, որի լավագույն օրինակներից մեկն էլ չորս տասնյակ երկիր միավորող Գիտությունների համաեվրոպական ազգային ակադեմիաների ֆեդերացիան է, որի անդամ է նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան:

 

Ինչպես տեղեկացնում են Նախագահի պաշտոնական կայքէջից, հանդիպմանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ ակադեմիան մշտապես պետական ուշադրության ներքո պահելու, գիտնականներին և հատկապես երիտասարդ գիտնականներին աջակցություն ցուցաբերելու, խրախուսելու համար: Հանդիպմանը ներկա երկրների ակադեմիաների նախագահները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են գիտության արդի մարտահրավերների, դրանց դիմակայելու հնարավորությունների և գիտության զարգացման հեռանկարների մասին:

 

Նրանք ևս կարևորել են ակադեմիաների ակտիվ համագործակցությունը, միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ տարիներ ի վեր գոյություն ունեցող իրենց արդյունավետ համագործակցությունը: Գիտնականները դրվատանքով են խոսել նաև պետության կողմից Հայաստանի ակադեմիայի նկատմամբ ցուցաբերվող հոգածության, գիտնականների աշխատանքը գնահատելու և Հայաստանի գիտության զարգացմանն ուղղված ջանքերին աջակցելու մասին:

 

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանն անվանի գիտնականներին հրավիրել է մասնակցելու և իրենց ներկայությամբ պատվելու Նախագահի նստավայրում հանդիպումից անմիջապես հետո անցկացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, շփվելու հայ տաղանդաշատ աշակերտների և ուսանողների հետ, խրախուսելու նրանց:

 

Գիտնականները սիրով ընդունել են Նախագահի հրավերը՝ մասնակցելով միջոցառմանը: