Երեւանի Մյասնիկյան պողոտայում հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում վթարի ենթարկվելու հետեւանքով մահացած երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանը պատրաստվում էր ամուսնանալ:  NEWS.am-ի տեղեկություններով՝ նրա մահվանից հետո բերել են երկու հարսանեկան մատանի, ինչից զարմացել են դերասանի ընտանիքի անդամները:

 

Պարզվել է, որ Երվանդը պատրաստվում էր ամուսնանալ և արդեն մատանիներն էր պատվիրել, որոնց վրա ներսի կողմից գրված է եղել իր եւ ուղեւորուհու՝ Մարիամ Սարգսյանի անունները, ինչպես նաեւ նշված է եղել հարսանիքի օրը:

 

Երվանդ Ենգիբարյանը  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում՝ Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ը Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր: