«Հայաստանում մթնոլորտը գաղջ է, մենք շնչում ենք թույն, արտաշնչում չարություն, արտագաղթ, ինքնասպանություն ու անտարբերություն»,- այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ժառանգություն խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ ամեն ինչի մեղավորը մենք ենք, մենք մեր ձեռքով հաստաբուն գերանները մեր աչքն ենք մտցրել, պատճառը փորձում ենք փնտրել արևմուտքներում ու ռուսաստաններում:

 


Ռուբիկ Հակոբյանը նկատեց, որ իշխանության խոհանոցում արդեն երկունքի ցավեր են իրավահաջորդ նախագահ ծնելու համար, և գաղջ մթնոլորտը կշարունակվի:
Ըստ պատգամավորի՝ Սերժ Սարգսյանն այսօր ծայրագույն վիճակում է, ուժերի համադրում է պետք, պետք է ոչ իշխանական ուժերի առաջնորդներին Սերժ Սարգսյանը իր մոտ հրավիրի և պատրաստ լինի փոփոխություններ կատարելու համար կառուցողական առաջարկություններ լսելու:

 


Նա նաև կոչ արեց ընդդիմության առաջնորդներին, այդ թվում նշելով Րաֆֆի Հովհաննիսյանի, Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի անունները՝ ընդգծելով, որ այս անձինք պետք է առանց իշխանության հետ խաղեր տալու ժողովրդին ասեն, թե ինչպես են լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները: